10/09/2025

#Ուղիղ․ Երևանում անցկացվում է «Արբիտրաժային շաբաթ» միջոցառումը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Կառավարությունը ես եմ» հայտարարությանը:

«Մենք՝ Կառավարության անդամներս, Կառավարության անդամներ ենք, իսկ վարչապետը վարչապետն է և ղեկավարում է կառավարությունը: Սահմանադրական կարգավիճակը կառավարության անդամների և ղեկավարի, ըստ էության հստակ է, այդ առումով մանիպուլյացիաներ մի՛ արեք»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հստակ ասել է՝ «կառավարությունը ես եմ»․ այս դիտարկմանն ի պատասխան՝ Գալյանն ասել է.

«Ես էլ եմ կառավարությունն ինչ-որ առումով․ մետաֆորիզմ կա այդտեղ, որովհետև ես կառավարության անդամ եմ, կառավարության անդամ են նաև այլ նախարարներ և հավաքական առումով մենք բոլորս, այո՛, կառավարություն ենք»:

Գալյանը նշել է, որ վարչապետը ուղիղ խոսք չէ, որ ասել է:

«Ես կառավարության անդամ եմ, մենք ունենք քաղաքական թիմ, որ եկել է իշխանության, մեր խոսքը միտքը և գործը մեկ պետք է լինի, և վարչապետի ասածը հենց դրա մասին է»,- ասել է նախարարը:

Ինչո՞ւ ՀՀ-ն չի կատարում Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանի որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ այս պահին ունենք հետևյալ իրականությունը․ միջազգային Արբիտրաժը կայացրել է միջանկյալ որոշում՝ հայցի ապահովում կիրառելու մասին, որն այս պահին չի կատարվում կառավարության կողմից կամավոր տարբերակով:

«Կա մեխանիզմ, որ դա կատարվի հարկադրաբար, և կա մեխանիզմ՝ դա չկատարելու, եթե դատարանները կորոշեն՝ այդ որոշումը հակասում է հանրային կարգին: Սրանք կարգավորումներ են, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում և ներպետական իրավական ակտերում:

Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է ՀՀ-ի կողմից, այսինքն՝ ՀՀ-ն գործել է օրենքի շրջանակներում, իսկ արբիտրաժային որոշմամբ սահմանվում է, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը: Կներեք, սա մեր պետությունն է, և մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական է: Իրավական պետությունը պետք է հետևի իրավական կարգավորումներին, որոնք կան, գործող են և սահամանադրական են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել, և արբիտրաժային որոշումը հակասում է հենց դրան»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանաբնակ, օլիգարխ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռի վերաբերյալ ՀՀ կառավարությունից ավելի վաղ հայտնել էին, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: