10/09/2025

Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպում չի կայացել, բավարարվել են ձեռքսեղմամբ

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի և չինացի ժողովրդի կողմից ճապոնացի զավթիչներին դիմադրությանը նվիրված շքերթի ժամանակ Պեկինում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Նրանք կարճ ողջույններ են փոխանակել և ձեռքսեղմումներ կատարել։ Համապատասխան կադրերը հրապարակվել են ադրբեջանական ԶԼՄ-ներում:

Բացի այդ, Պուտինը ողջունել է Ադրբեջանի առաջին փոխնախագահին և Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային։ Զորահանդեսը տևել է մոտ մեկուկես ժամ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև Պեկինում բովանդակալից շփում չի եղել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս անգամ որևէ բովանդակալից շփում չի եղել», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը և Ալիևը Պեկինում միմյանց ողջունել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ։

Ադրբեջանական հեռուստաալիքները Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կարճ ձեռքսեղմման կադրեր  էին հրապարակել։