09/09/2025

Ուղևորը փախել է՝ նետելով ատրճանակը. ՆԳՆ-ն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորն առնչվող միջադեպի մասին

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին:

«Սեպտեմբերի 3-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։

Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։

Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Լրատվամիջոցները գրում են, որ ոստիկանները ձերբակալել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին:

Փաստորեն, ՆԳՆ-ն տևական ժամանակ ճշտումներ անելուց հետո հանկարծ «հայտնաբերել է», որ Նարեկ Մկրտչյանի եղբայրն անմեղ է՝ նրա մոտ որևէ կասկածելի իր, որևէ թմրանյութ կամ զենք չի հայտնաբերվել, այդ կողքի «վատ ուղևորն» է թմրանյութով ու զենքով պայուսակ ունեցել իր մոտ։

Ի դեպ, ըստ տեղեկությունների, երբ պարեկները կանգնեցրել են Մկրտչյանի վարած Maserati Levante մակնիշի թանկարժեք ավտոմեքենան, հենց այդ պայուսակը դեսպանի եղբայրը անմիջապես տվել է կողքի ուղևորին, որն էլ այն վերցրել ու փախել է, որ հանկարծ դա Նարեկ Մկրտչյանի եղբոր վրա չմնա։ Հիմա էլ իրավապահները, փաստորեն, օգտվում են այդ հանգամանքից, որ դեսպանի եղբորը «սրբադասեն» ու բաց թողնեն՝ իբր ինքը որևէ բանի հետ կապ չի ունեցել, տվյալ մեքենայի ղեկին էլ, հավանաբար, լրիվ պատահաբար՝ իր կամքից անկախ հանգամանքներում է հայտնվել։