10/09/2025

Ցանկացած փոքր էսկալացիա Նիկոլ Փաշինյանն անկարող է լինելու մարսել․ Բադալյան

Չինաստանի Թյենծին քաղաքում տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնալու է Միջին միջանցքի եւ «Հյուսիս–Հարավ» միջանցքի առանցքային հատվածը։

Սա վկայում է այն մասին, որ Բաքուն հետեւողականորեն առաջ է մղում արտատարածքային միջանցքի գաղափարը, եւ Թրամփի ուղին ոչ այլ ինչ է, քան միջանցք, որի անունը ՀՀ իշխանություններն «ուղի» են դրել եւ փորձում են մոլորեցնել հայ հասարակությանը։

Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ-ի գագաթնաժողովի իր ելույթում փորձեց հակադրվել Ադրբեջանի նախագահի օգտագործած ձեւակերպումներին, թե Վաշինգտոնում նման համաձայնություն չի եղել: «Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում։

Մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման»։

Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները ստորագրեցին երկկողմ հուշագիր՝ այդ նախագիծը զարգացնելու եւ ներդրումներ իրականացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Փաշինյանը:

«Կողմերից ո՞րն է ստում» հարցին քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում պատասխանեց, որ կողմերից յուրաքանչյուրն էլ փորձում է մոլորեցնել: «Մոլորության մեջ գցում են բոլորը, որովհետեւ յուրաքանչյուրը խաղում է իր խաղը:

Հասարակության համար յուրաքանչյուրը, այսպես ասած, իր կողմի հասարակության համար անում է իր հայտարարությունները, բայց բուն իրողությունների առումով կարծում եմ, որ Վաշինգտոնում, մեծ հաշվով, ոչ մի խնդրի լուծում, ոչ մի հարցի լուծում չի եղել:

Վաշինգտոնում ընդամենը արձանագրվել է շրջանակային մի ակտ, որի բուն նպատակը Նիկոլ Փաշինյանի համար դա նախընտրական շրջանում որպես խաղաղության օրակարգի արդյունք ներկայացնելն ու այդկերպ իշխանությունը պահել փորձելն է: Եվ դա, ըստ էության, բավարարում է Ադրբեջանին եւ նաեւ միջազգային խաղացողներին»,- նկատեց Բադալյանը:

Այն բովանդակությունը, որը մատուցվել է, այսպես կոչված, «Թրամփի ուղու» թեմայով, Բադալյանը կարծում է, որ բովանդակությունը դեռ ենթակա է լինելու աշխարհաքաղաքական զարգացումներին: Իսկ ի՞նչ հնարավոր սցենարներ կարող են զարգանալ՝ հաշվի առնելով Ալիեւի հայտարարությունը, քաղաքագետն ասաց. «Ալիեւն առավելագույնի տրամաբանությամբ, առավելապաշտության տրամաբանությամբ գնալու է այնքան, քանի դեռ տեսնում է դրա հնարավորությունը: Իսկ դրա հնարավորությունը կա, քանի դեռ կա այդ համաշխարհային տուրբուլենտությունը գերտերությունների միջեւ, առանցքային խաղացողների միջեւ: Եվ այդ պայմաններում Ալիեւը համարում է, որ նվազագույնը՝ դնել առավելագույն պահանջներ եւ շարժվել այդ տրամաբանությամբ, հնարավոր է:

Հնարավո՞ր է հասնել գործնականում այդ ամեն ինչին, սա հարցական է, բայց Ալիեւն առաջնորդվում է հետեւյալ տրամաբանությամբ․ դնենք առավելագույն խնդիրներ՝ հասնենք նրան, ինչ հնարավոր է այս իրավիճակում: Եվ նա պատրաստ է օգտագործել իրավիճակները թե՛ քաղաքական առումով եւ թե՛ նաեւ պատեհության դեպքում դարձյալ ուժային գործողությամբ: Բայց որոշիչ գործոնն այստեղ, իհարկե, Ալիեւի տրամադրությունը կամ ցանկությունը չէ, որոշիչ գործոնները ձեւավորվում են աշխարհաքաղաքական միջավայրում:

Նա պատրաստ է ցանկացած պահի օգտագործել հնարավորությունները՝ լինեն դրանք քաղաքական միջոցներով, թե պատեհության դեպքում ուժի կիրառմամբ»: Դրա համար է Ալիեւն առաջնորդվում առավելագույնի տրամաբանությամբ, որովհետեւ սահմանելով առավելագույնը, դրանից ցանկացած շեղում հնարավոր կլինի դա ներկայացնել որպես էսկալացիայի առիթ:

Փաշինյանի դեպքում գերխնդիրը մեկն է՝ նախընտրական այս շրջափուլում ունենալ խաղաղության օրակարգի արդյունքի մասին հավաստող ինչ-որ թուղթ, որը կկարողանա կապիտալիզացնել էլեկտորատի առաջ: «Փաշինյանն ամեն ինչ անելու է էսկալացիոն զարգացում թույլ չտալու համար, որովհետեւ հասկանալի է, որ ցանկացած հաջորդ էսկալացիան, պարտվելը Նիկոլ Փաշինյանի համար լինելու է շատ դժվար: Մինչեւ հիմա եղածը նա կարողացել է պայմանավորել Արցախով, կարողացել է հանրության ինչ-որ մի մասի համոզել, որ քանի դեռ կար Արցախի խնդիրը, Հայաստանը խոցելի էր, ինչ պատահել է՝ պատահել է այդ խոցելիության հետեւանքով եւ այլն: Ես մի կողմ եմ թողնում, թե դա որքանով է համոզիչ քաղաքական իմաստով, եւ որքանով է բարոյական, բայց առնվազն հանրության մի որոշակի մասի համար դա մարսելի մատուցում է: Բայց հիմա, երբ Արցախից Հայաստանը հրաժարվել է ամբողջությամբ, ցանկացած նոր էսկալացիա Նիկոլ Փաշինյանի համար գրեթե անհնար է լինելու մարսել, եւ այս իմաստով, իհարկե, նա փորձում է մանեւրել եւ այդպիսի զարգացում թույլ չտալ»: