Գյումրու կենտրոնում՝ «Վառեմ-մարեմ» շենքում արդեն մի քանի օր է՝ շինարարական եռուզեռ է։ Բետոնախառնիչների ու մուրճերի աղմուկի մեջ անցորդները կանգնում, հետեւում են աշխատանքներին, լուսանկարում են։
Գյումրեցիները ոգեւորված են՝ հույս ունեն, որ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի նշանավոր շենքը նոր կյանք կստանա։
Շենքի վերականգնման պատասխանատվությունը ստանձնել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ Հայաստանի կառավարության որոշմամբ։ Վերականգնման բոլոր ծախսերը հոգում է հիմնադրամը, իսկ աշխատանքների ավարտից հետո շենքը մինչեւ 2027 թ․ հունիսի 1-ը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը՝ մշակութային կամ կրթական նպատակներով։
Մինչ շենքը վերածնվում է, դրա նախաձեռնողը՝ գործարար Սամվել Կարապետյանը, հիշեցնենք, գտնվում է կալանքի տակ` նրան հունիսի 17-18-ի գիշերը ձերբակալեցին՝ մեղադրելով իշխանությանը տիրանալու նպատակով հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Դատարանն արձանագրեց, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել, սակայն կալանքը չփոխեց, եւ նա մինչ օրս կալանավորված է` Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով:
Շենքի վերականգնումն ու գործարարի, հիմնադրամի ղեկավարի կալանքը ստիպում են գյումրեցիներին՝ երկու հակադիր բեւեռն էլ նկատել, այնուամենայնիվ, փորձում են կենտրոնանալ դրական կողմի վրա։
«Սա մեր քաղաքի պատմության մասն է, շենքը մնալու է, իսկ իրադարձություններն ու մարդիկ կգան, կգնան»,- ասում են տեղացիները։ Գյումրեցի արվեստագետ, քանդակագործ Արթուր Գեւորգյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է, որ «Վառեմ-մարեմ»-ը «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանումից հետո Գյումրու բրենդն է դարձել։
«Բացի նրանից, որ շենքը ժամանակի փորձության միջով անցած հուշարձան է, նաեւ ժողովրդի կողմից շատ սիրված է։ Շենքը գիտենք, որ երկար ժամանակ է՝ փորձ էին անում վերականգնել, եւ այսօր շատ տարօրինակ կերպով հայտնվել է մի քիչ քաղաքական ընկալման մեջ, քանի որ վերականգնողը նույն ինքը՝ բարերար Սամվել Կարապետյանն է, որն այսօր իշխանության կողմից կալանավորված է։
Բայց կուզեի այս պահին համեմատական անցկացնել Ծիծեռնակաբերդի վերականգնման իրողության հետ՝ առկա, վիզուալ նյութերի, նյութատեխնիկական բազայի հետ կապված, որոնք խիստ տարբերվում են։ Այսինքն, եթե տեսնում ենք, թե Ծիծեռնակաբերդում ինչ անփութություն է տիրում, եւ Գյումրիում վերականգնվող հուշարձանների, խնամքի հետ կապված` խիստ նկատելի են Գյումրիում հոգածությունն ու կազմակերպվածությունը։ Շատ կարեւոր է գյումրեցիների համար երկրաշարժից հետո առաջացած բաց սպիները փակելը։
«Վառեմ-մարեմ»-ը տարիներ շարունակ վերականգնվում էր, բայց անավարտ էր մնում։ Այսօրվա ձեռնարկը խոսում է այն մասին, որ կարճ ժամանակում կունենանք Գյումրվա անավարտ պատմություններից մեկի ամբողջական ավարտված պատկերը։
Այս վերականգնումը, վստահ եմ, անպայման իշխանությունն ու իր աջակիցները կքաղաքականացնեն, կփորձեն ասել՝ ինչո՞ւ հիմա, բայց ենթադրելի է, որ աշխատանքները, որ դեռ 2-3 տարի առաջ էին սկսել, բնական է՝ ուսումնասիրությունների, նախագծման փուլ պիտի անցնեին։
Բնական է նաեւ, որ հիմա պիտի սկսեին։ Այսինքն, այն շահարկելը, դիվիդենտներ շահելը, ցեխ շպրտելը անհեթեթ քայլ է լինելու։ Ինչեւէ, գլխավորը՝ որ վերականգնումից հետո կունենանք Գյումրվա կոլորիտին հարիր եւս մի անկյուն»,- ասաց արվեստագետը։
Բաց մի թողեք
Փոխքաղաքապետը, որ թիկնապահ է դարձել, 26 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Լուսանկար
Աշխատավարձից բացի Կոնջորյանի կինը այլ միլիոններ է ստանում «Հայփոստից». Լուսանկար
Մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը. ինչ կա օրակարգում