08/09/2025

ՔՊ-ականները դարձել են դանոս գրելու չեմպիոններ․ Ներիշխանական կրքերը շիկանում են

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ սեպտեմբերի 20-ին։ Համագումարը փակ կլինի լրատվամիջոցների համար։

Հրապարակ թերթը գրել է․ «Կհեռարձակվի ուղիղ եթերով»,-  ասացին իշխող խմբակցությունից։ Բայց համագումարին ընդառաջ ՔՊ-ում կրքերը, կարելի է ասել, հասել են գագաթնակետին, վարչության անդամության հայտ ներկայացրած իշխանականները, բառի բուն իմաստով, ճակատամարտի են դուրս ելել՝ վարչության կազմում հայտնվելու համար։ Կարծում են, որ կուսակցության ղեկավար կազմում հայտնվելն արդեն իրենց առջեւ կանաչ լույս է վառելու դեպի հաջորդ ընտրացուցակ եւ բարեկեցիկ «ապագա»։

Հայտնի է, որ ՔՊ վարչությունն ընդլայնվելու է, նախկին 15 հոգանոց կազմը դառնալու է 20, այդ տեղի համար 41 թեկնածու է պայքարում: Հակոբ Սիմիդյանն օրերս բացարկ ներկայացրեց` մնացին 40-ը։ Կրքերը լարվել են հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարել է, որ համաժողովում ՔՊ նոր վարչության ընտրություններից հետո որոշել է կադրային ռադիկալ փոփոխություններ անել թիմում եւ յուրաքանչյուրին ըստ արժանվույն գնահատել։

Ասում են՝ այդ հայտարարությունից հետո մի կողմից իրար հետ մրցող թեկնածուներն են «վիզ դնում»՝ վարչությունում տեղ ունենալու կամ գոնե հնարավորինս շատ ձայներ հավաքելու համար, որով ցույց կտան առաջնորդին, որ իրենք թիմում ընդունելի են, ազդեցություն ունեցող են, չի կարելի իրենց փոխել։

Մյուս կողմից՝ դանոսչիկությունն է ծաղկունք ապրում` իրար տակ փորելու, իրար դեմ «բոչկա գլորելու», շեֆի ականջին կաթեցնելու։ Նախընտրական այս մթնոլորտը եւ Փաշինյանի զգուշացումն առիթ են դարձել, որ ՔՊ-ում բոլորը բոլորին թշնամի հռչակեն կամ առնվազն` մրցակից եւ փորձեն իրար խորտակելով՝ բարձրանալ շեֆի աչքին:

ՔՊ-ում եթե առաջ այդ գործի մի քանի վարպետներ կային եւ Փաշինյանի աջ ձեռքն էին դարձել, ու իրենց գլխավոր դերակատարումը հենց դա էր, որ Փաշինյանին հասցնեն իրենց լսածն ու տեսածը` չզատելով բամբասանքն իրականությունից եւ քիթները խոթելով ուրիշների անձնական կյանքի մեջ, հիմա այդ պահանջարկված գործի մեջ խրվել են գրեթե բոլորը:

ՔՊ-ականները դարձել են դանոս գրելու չեմպիոններ։ Իշխող թիմում իսկական սոդոմ-գոմոր է, բոլորը բոլորից զգուշանում են, բոլորը բոլորին կասկածում են, թիմային զգացումները ոչնչացված են։

Նախընտրական ցուցակում հայտնվելու համար պայքարում են ոչ միայն վարչության անդամի թեկնածուները, այլեւ օրենսդիր, գործադիր մարմինների տասնյակ-հարյուրավոր ՔՊ-ականներ։ Որոշ երդվյալ անկուսակցականներ, որոնք նստում-ելնում, պարծենում էին, որ, լինելով թիմի անդամ, անկուսակցական են, Փաշինյանի հրահանգից հինգ րոպե չանցած՝ շտապել են դիմում գրել ու համալրել կուսակցության շարքերը։

Տեղեկացանք, որ կուսակցական է դարձել նաեւ Վլադիմիր Վարդանյանը, որը իշխանափոխությունից առաջ երկար տարիներ աշխատում էր Սահմանադրական դատարանում եւ 2018-ին էլ «Իմ քայլի» ցուցակով, իբրեւ անկուսակցական, մտավ խորհրդարան, ժամանակին նրան ոլորտի պրոֆեսիոնալ էին համարում, հետո պարզվեց՝ մի շատ սովորական կարիերիստ է, որը հանուն մանդատի ուրացել է ընկերներին։

Իսկ այն պատգամավորները, ովքեր ձեռքերը լվացել են, քանի որ հասկացել են, որ հաջորդ ցուցակում տեղ չեն ունենալու, նրանք էլ ձեռքերը ծալած չեն նստում, զբաղված են իրենց օգնականներին, փորձագետներին, խորհրդականներին, ազգուտակին, անցած չորս, որոշների դեպքում՝ 2018-ից իրենց հետ աշխատած շարքային աշխատակիցներին անգործ չթողնելու գործով` աշխատանք ու զբաղմունք են փնտրում նրանց համար, որ ամիսներ հետո, երբ իրենք էլ պատգամավոր ու պաշտոնյա չլինեն, յուրայիններն անգործ չմնան։

Մեր աղբյուրներն ասում են, որ շատերն էլ իրենց ֆինանսական հոսքերը մաքրելու, կարգավորելու գործով են զբաղված, քանի որ լսել են, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նախընտրական մի քանի հնչեղ շոու բեմադրել` յուրային կոռուպցիոներների բացահայտման սցենարով՝ հանրությանը ցույց տալու, որ ոչ միայն նախկին, այլ նաեւ հեղափոխական թալանչիների դեմ է պայքարում։ Թե ովքեր կլինեն քավության նոխազները, դեռեւս հայտնի չէ։