Շատերն են ասում, որ հայկական կինոյում ես Մալյանապաշտ եմ…Շեշտեմ, այո՛, և ո՛չ միայն ես… Դա հենց այնպես, օդից վերցրած չԷ:
Մեր մտերմությունն իր արվեստից է եկել, Մալյանական կինոյի հայրենասիրական ոգուց, նրա խոհա-փիլիսոփայական կինոյից է եկել, որն ինձ համար դառնալով յուրօրինակ բանալի, առիթ, խորամուխ եմ եղել և բացել մեր ազգային մշակույթի փակ դռները:
Դեռ էն գլխից, 1969-ի «ՖԻԼՄ» թերթի առաջին համարներից սկսած, բազում ինֆրմացիաները, հոդվածները, հաղորդումներն ու երկխոսությունները մի կողմ, նրան նվիրված մեծ ու փոքր իմ գրքերի հակիրճ ասելիքը հետևյալն է:
Հենրիկ Մալյան կնոբեադրիչի արվեստը, ստեղծած կինոերկերը մեր ժողովրդի ակունքներից են գալիս: Դրանք ո՛չ թե երեկվա, այլ այսօրվա, վաղվա ու բոլոր ժամանակների համար են:
Այսօր արդեն առանց վարանելու կարելի է փաստել, որ Հայկինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանից հետո Հենրիկ Մալյանը մեր ազգային մեծագույն կինոբեմադրիչն է, որն իր ֆիլմերով դեռ Խորհրդային շրջանում, ազգային արժեքները համեմեց համամարդկայինով, որոնք էլ շրջեցին միջազգային մեծ էկրաններով, ու ավելի ճանաչելի դարձնելով մեր ժողովրդին:
Շարունակելով Բեկնազարյանական կինոյի ավանդույթները, նա պեղեց «երկրաբանական» իր շերտը, ասել է թե՛ կինոարվեստի իր հունը որն, անշուշտ, ազգայինի և համամարդկայինի կուռ միասնությունն է:
Եվ սա գերագնահատական չէ, այլ ֆիքսված է համաժողովրդական գնահատման մեծ չափանիշով ու սիրով, որն զգացել եմ նրա նկատմամբ ունեցած հավատամքով, կինոյում 55-ամյա խմբագրական իմ փորձով:
Իր կինոերկերով՝ «Եռանկյունին» (1967թ.), «Մենք ենք մեր սարերը» (1969թ.), «Հայրիկ» (1972թ.), «Նահապետ» (1977թ.), «Կտոր մը երկինք» (1981թ.) ընդամենը հինգ խաղարկային ֆիլմով, Հենրիկ Մալյանը խոսեց գեղեցիկի լեզվով, ազգի, երկրի հզորության, միասնության և հարատևության լեզվով: Եվ այդ խոսելաձևը նույնիսկ առանց հայերենի իմացության, հասկա¬նալի դարձավ բազում ազգերի:
Մեծ հաշվով Մալյանն իր իսկ ֆիլմերի հերոսներն է. «Եռանկյունու» Մկրտիչները, «Մենք ենք, մեր սարերի» Հովիվները, «Հայրիկի» Պապը, «Նահապետի» Նահապետը, գուցե և իր չնկարահանած «Կոմիտասի» Կոմիտասը:
Դերակատարներն են տարբեր, հերոսների խառնվածքն ու տեսակը, ապրումներն ու հույզերը Մալյանինն են:
45 տարի առաջ իր ստեղծած կինոդերասանի թատրոն-ստուդիան, նրա բեմադրությունները, ասելիքը, խաղացանկի բազմերանգությունը մի առանձնակի երևույթ են մեր մշակութային կյանքում և ողջունելի է, որ Մալյան թատրոնի այդ ավանդույթները շարունակում է նրա դուստրը՝ Նարինեն:
Հաշված օրեր են մնացել Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի 100 ամյակին, որը կարծում եմ կնշվի ամենաբարձր մակարդակով:
Ռոբերտ Մաթոսյան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի կինոգործիչների միության և ազգային կինոակադեմիայի անդամ
Կադրեր «Եռանկյունին», «Մենք ենք,մեր սարերը», «Նահապետ», «Հայրիկ», «Կտոր մը երկինք» ֆիլմերից: Հենրիկ Մալյանը թատրոնի իր սաների հետ և «ՖԻԼՄ» թերթի խմբագրատանը:
Բաց մի թողեք
Հայ երաժիշտը դարձել է «Տարեշրջանի դաշնակահար»․ Լուսանկար
Գրքի փառատոն Երևանում․ Սարոյանը, չպոեզիան, նոր գրքերն ու պատերազմը
Մեկնարկեց Սարոյանական շաբաթը․ Վիլյամ Սարոյանը՝ բարի հսկան, բացի ընտրյալ գրող լինելուց, նաև՝ գեղանկարիչ է եղել․ Լուսանկարներ