28/09/2025

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի ․․․ Լուսանկարներ

Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը հիմնվել է 2007-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ: Նրա գեղարվեստական ղեկավարներն են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):

Փառատոնն ավանդաբար անց է կացվում սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այն իրականացվում Է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Փառատոնի ծրագրերն ընդգրկում են սիմֆոնիկ և կամերային համերգներ և մենահամերգներ:

Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ մենակատարներ, անսամբլներ և դիրիժորներ: Մենակատարներն անց են կացնում վարպետության դասընթացներ: Ամենամյա փառատոների  ծրագրերն ընդգրկում են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների գործերը, որոնց թվում հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ:

Ծրագրերում առանձնակի տեղ են գրավում օպերաների բեմականացումները, նշանավոր տարեթվերին և հոբելյաններին նվիրված համերգները:

Փառատոնին մասնակցել են այնպիսի անվանի արտիստներ, ինչպիսիք են Իզաբել Ֆաուստը, Յուլիա Ֆիշերը, Բորիս Բելկինը, Վադիմ Ռեպինը, Սերգեյ Կրիլովը, Դայշին Կաշիմոտոն, Եվգենի Սուդբինը, Բորիս Բերեզովսկին, Բարրի Դուգլասը, Կիրիլ Գերշտեյնը, Կոնստանտին Լիֆշիցը, Վենցել Ֆուքսը, Ալեսանդրո Կարբոնարեն, Էմանուել Պայուն, Պոլ Մեյերը, Նատալիա Գուտմանը, Մարիո Բրունելլոն, Սթիվեն Իսերլիսը, Քիմ Քաշքաշյանը, Դիմուտ Պոպպենը, Քրիստոֆեր Ուորեն-Գրինը, Վասիլի Սինայսկին, Կիրիլ Կարաբիցը և տասնյակ այլ մենակատարներ:

Երևանյան միջազգային երաժշտական փառատոնն նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստանի երաժշտական կյանքում: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանում 17-րդ փառատոնի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը մանրամասն ներկայացրեց հոբելյանական նվագախմբի անցած ճանապարհը, այն ղեկավարած դիրիժորներին։

Ֆինլանդացի դիրիժոր Պիետարի Ինկինենը, որը կղեկավար Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, նշեց, որ նվագխամբի հետ հրաշալի փորձեր են ունեցել, երաժիշտները շատ զգայուն են արձագանքում իր մեկնաբանությանը, շատ մոտիվացված են աշխատում և յուրաքանչյուրն անում է լավագույնը արդյունքի հասնելու համար: Իսկ կգլխավոր պատճառը, որ հիմա ինքը Հայաստանում է, Սերգեյ Խաչատրյանն է: Նրանք տարիներ առաջ որպես ջութակահարներ մասնակցել են Սիբելիուսի անվան միջազգային մրցույթին և դարձել լավ ընկերներ: Այժմ միասին ելույթ են ունենում որպես դիրիժոր և մենակատար: Միշտ ծրագրել են այցելել Սերգեյի գեղեցիկ հայրենիքը և այսօր դա իրականություն է, այն էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի առիթով: Ինկինենը նաև նշեց, որ համերգի ծրագրում հնչելու են համաշխարհային սիմֆոնիկ երկացանկի և իր հայրենիքի համար շատ նշանակալից ստեղծագործություններ՝ Ֆինլանդացի կոմպոզիտոր Յան Սիբելիուսի «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը, Ջութակի կոնցերտը և Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 1-ը:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր հերթին նշեց, որ ֆիլհարմոնիկի կոլեկտիվը միշտ էլ դժվարությունների է բախվել, բայց վերջին տարիներին նկատելիորեն բարձրացրել է իր մակարդակը: Նրա խոսքով՝ նոր ջութակահարների մասնագիտացված երաժշտական դպրոցի ստեղծումը ևս մեկ քայլ կլինի ազգային երաժշտական միջավայրի ամրապնդման գործում․ «Դպրոց ստեղծելու շուրջ պետք է լրջորեն մտածել, քանի որ տաղանդավոր երեխաներ կան, իսկ դպրոցներ չկան։ Մեր գլխավոր ձեռքբերումը կլինի այն, որ սովորելու համար արտասահման մեկնող ուսանողները վերադառնան Հայաստան»։
Մաեստրո Էդուարդ Թոփչյանը, ով ղեկավարում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շուրջ 25 տարի, և հանդիսանում է նվագախմբի ամենաերկարակյաց դիրիժորը, նշեց, որ երբևէ չի պատկերացրել, առավել ևս ծրագրել, որ այսքան երկար ճանապարհ կանցնի նվագախմբի հետ: Այդ ճանապարհին եղել են շատ դժվարություններ, մյուս կողմից միշտ դրվել են նպատակներ, որոնց հասնելուց հետ այլ բարձրունքների են ձգտել: Թոփչյանը շնորհակալություն հայտնեց նվագախմբի բոլոր երաժիշտներին, որ իր հետ միասին ջանք չեն խնայել նվագախումբը կատարողական բարձր մակարդակի հասցնելու համար, ինչն ինքը համարում է իրենց գլխավոր ձեռքբերումը: Միևնույն ժամանակ հավելեց, որ արվեստում միշտ ավելիին ձգտելու տեղ կա և միշտ լավից ավելի լավը կա: Հնչած անհանգստությանը, որ Թոփչյանը երբևէ չմտածի Ազգային ֆիլհարմոնիկի ղեկավարությունը թողնելու մասին, մինչև առաջ չգա արժանի և հուալի հետնորդ, Թոփչյանը պատասխանեց, որ հիամ ԿԳՄՍ նախարարի և նախարարի տեղակալի հետ աշխատում են երիտասարդական նվագախմբի ստեղծման վրա, որը դիրիժորների իրական դարբնոց կհանդիսանա և կնպաստի Հայաստանում դիրիժորական դպրոցի կայացմանն ու զարգացմանը: Հայ ազգը տաղանդավոր է և ճիշտ ու արդյունավետ կրթություն ապահովելու ու հեռանկարներ ստեղծելու պարագայում մեծ արդյունքների կարող ենք հասնել:

ՀԱՖՆ տնօրեն Նորայր Նազարյանը բոլորին շնորհավորեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի առթիվ և նշեց, որ այն Հայաստանի հանրապետության գործող ազգային արժեքներից է: Նա հավելեց, որ դասական երաժշտությունը սահմաններ չի ճանաչում և աշխարհի հետ խոսելու միջազգային լեզու է: Նվագախումբն էլ ամեն առումով ձգտում է այս բնագավառում դառնալ լավագույններից մեկը: Նա շնորհակալություն հայտնեց Սերգեյ Խաչատրյանին, որ հանդես գալով աշխարհի լավագույն բեմերում, չի մոռանում իր արմատների մասին և ամեն առիթ օգտագործում է հայ երաժշտական մշակույթը տարածելու համար, ինչպես նաև ամուր է պահում իր կապը հայրենիքի հետ՝ հաճախակի հանդես գալով Ազգային ֆիլհարմոնիկի հետ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Նազարյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որ այդքան մեծ ուշադրություն և աջակցություն է ցուցաբերում նվագախմբին բոլոր նախաձեռնություններն իրականացնելու հարցում:

Հռչակավոր և հայրենիքում հատուկ սեր ու ջերմություն վայելող Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ինչպես հայրենիքն է իր տունը, այնպես էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է իր տունը. ‹‹Ամեն անգամ վերադառնալիս, ես իմ տուն եմ գալիս: Էդիկի հետ միասին նվագում ենք դեռ իմ մանուկ տարիքից, միասին անգամ որպես ջութակահարներ ենք ելույթ ունեցել՝ Բախի կրկնակի կոնցերտով: Հուսով եմ, որ դեռ մի 100 տարի էլ էսպես միասին կաշխատենք››: Սերգեյ Խաչատրյանը նաև նշեց, որ վերջերս տեղի ունեցած մարզային համերգների ժամանակ ունկնդրել է այնտեղի տաղանդավոր ջութակահար երեխաներին, զարմացած է, թե որքան մեծ ձգտում ունեն և ինչ պատրաստակամությամբ են պարապում: Նա հավելեց, որ մեր երեխաների մետ մեծ ներուժ կա և ինքը ծրագրեր ունի Հայաստանում ջութակի դպրոց հիմնելու:

Ծրագրում․

Յ․Սիբելիուս՝ «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմ /6-9 ր./

Յ․Սիբելիուս՝ Ջութակի կոնցերտ, ռե մինոր, երկ 47 /34-36 ր./

I. Allegro moderato
II. Adagio di molt
III. Allegro, ma non tanto

Ընդմիջում

Գ․Մալեր՝ Սիմֆոնիա թիվ 1 /57-60 ր./

I. Langsam. Schleppend
II. Kraftig bewegt
III. Feierlich und gemessen, ohne zu schleppen
IV. Sturmisch bewegt

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան