27/09/2025

Հայտնաբերվել են օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արել այրել. Սարգսյան

Մերձավանի կրակոցների վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո ոստիկանության օպերատիվ խմբեր են մեկնել դեպքի վայր ՆԳ նախարարի գլխավորությամբ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ղեկավարել է ներքին գործերի նախարարը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Խոսելով արդեն ձերբակալված անձի մասին, Սարգսյանը տեղեկացրեց, որ նրան պատկանող շինությունում հայտնաբերվել են Քրեական օրենսգրքով արգելված՝ արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արել այրել:

Հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Հաշվի առնելով դեպքի հասարակական մեծ հնչեղությունը՝ մենք հատկապես ՔԿ-ի մեր գործընկերների հետ պարբերաբար հանդես կգանք հայտարարություններով դեպքի բացահայտման առնչությամբ»,- ասաց նա:

Քաղաքական որևէ էլեմենտ չկա այս պահի դրությամբ: Քննվող վարկածներից մեկը շարունակում է մնալ այն, որ սպանությունը կարող է կապված լինել ամիսներ առաջ Մերձավանում տեղի ունեցած դեպքի հետ:

Այս մասին խոսելով Մերձավանի կրակոցների դեպքի մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ տեղի ունեցածը փետրվարյան դեպքերի շարունակությունն է:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն դեպքից մանրամասներ էր հայտնել և իրեղեն ապացուցներ հրապարակել:

Սեպտեմբերի 26-ին տեղեկացրել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը: Զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի:

Վիրավորում է ստացել Արծրուն Գալստյանը: Վերջինս արդեն գիտակցության է եկել, հարցաքննվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնել էր, որ հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվեց ընտանիքի ընկերը: Միջադեպի հետևանքով զոհված Գրիգոր Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը, մանրամասներ էր հայտնել՝ ասելով, որ զինված հարձակմանը նախորդել է կոնֆլիկտ գյուղի տղաների միջև, իսկ տան վրա կատարված զինված հարձակումը նախապես ծրագրված է եղել: