Գյուղատնտեսական երկիր Հայաստանում գյուղատնտեսության նախարարություն չկա, էկոնոմիկայի նախարարության կազմում գործում է գյուղատնտեսական մի քանի վարչություն։
Հրապարակ թերթը գրել է․ Հոկտեմբերի 1-ին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին տեղեկատվական հարցում եմ արել՝ Հայաստանում գյուղատնտեսական հողերի, ոռոգելի տարածքների, այդ թվում՝ կաթիլային եղանակով ոռոգվող հողերի, ոռոգման ջրամբարների, ինտենսիվ այգիների, «խելացի» գոմերի, դրանցում պահվող անասունների թվի վերաբերյալ։ Ստացել եմ էկոնոմիկայի նախարարության պատասխանը, որում գյուղատնտեսության տվյալները, չգիտես ինչու, վերաբերում են 2024 թվականին։
Նախարարությունից հայտնել են․ «Համաձայն օպերատիվ տվյալների՝ 2024 թ․ հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 2040816,8 հա, որից վարելահող՝ 440591,8 հա, բազմամյա տնկարկ՝ 41912,1 հա (պտղատու այգիներ՝ 26803,7 հա, խաղողի այգիներ՝ 15061 հա, այլ բազմամյա՝ 47,4 հա), արոտավայրեր՝ 1048237,8 հա, խոտհարքներ՝ 121289,2 հա։ Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները 2024-ին կազմել են 207 հազար 989 հեկտար։
Սակայն 2024 թվականի տվյալները 2025 թվականին ո՞նց կարող են օպերատիվ լինել։ Գյուղատնտեսության արդյունավետության առումով կարեւոր է նաեւ ոռոգելի տարածքների քանակը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են՝ 2024 թ․ հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ոռոգվող գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 156 հազար 500 հեկտար, ու հավելել․ «Կաթիլային եղանակով ռոոգվող հողերի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղեկատվություն առկա չէ։ Միաժամանակ, պետական աջակցությամբ իրականացվող ինտենսիվ այգեգործության եւ ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերով հաստատվել է շուրջ 11 հազար հեկտարի ներդրման հայտ, որոնցից շուրջ 6378 հեկտարում արդեն ներդրվել են կաթիլային ոռոգման համակարգեր, իսկ մնացած մասն ընթացքի մեջ է»։
Նախարարությանը նաեւ հարցրել էի, թե 2018 թվականից մինչ օրս Հայաստանում քանի ոռոգման ջրամբար է գործարկվել, դրանցից որն ինչքան խորանարդ մետր ծավալ ունի։ Նախարարությունից հայտնել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման եւ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառուների կողմից կառուցվել է 41 ջրավազան։ 2018 թվականից մինչ օրս հանրապետությունում կառուցված եւ գործարկված ոռոգման ջրամբարների եւ դրանց ծավալի վերաբերյալ տեղեկատվությունն առաջարկում ենք ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից»։ Հարց է ծագում՝ գյուղատնտեսության ոլորտը կառավարող էկոնոմիկայի նախարարությունն ինչպե՞ս կարող է տվյալներ չունենալ Հայաստանի ոռոգման ջրամբարների եւ դրանց ծավալների մասին։ Վիճակը բարվոք չէ նաեւ ինտենսիվ այգիների, խելացի անասնաշենքերի ու դրանցում պահվող անասունների թվի առումով։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման պետական աջակցության ծրագրերի շրջանակում հաստատվել է շուրջ 8170 հեկտար ինտենսիվ այգու հայտ, որից հիմնվել է շուրջ 3920 հեկտարը։ Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, վերակառուցման կամ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման ծրագրերի շրջանակներում կառուցվել են 61 «խելացի» գոմ եւ 1 խոշոր անասնաբուծական համալիր, որոնցում պահվում է 2 հազար 542 խոշոր եղջերավոր անասուն։
Բաց մի թողեք
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է
75 մլն դրամ հերթական ֆորումի համար