25/10/2025

Ազատություն՝ ինչքան ուզեք

Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարած իշխանությունը կանգ չի առնում իր «ձեռքբերումների» վրա` նորանոր բնագծեր է գրավում:

Հասարակությունը դեռ ուշքի չէր եկել Հայ առաքելական եկեղեցուն հայտարարված տեռորից ու հետապնդումներից, երբ իշխանական իրավապահներն իրենց առաջ նոր նպատակ դրեցին` գրավել Գյումրու համայնքապետարանը եւ բանտ ուղարկել հերթական ընդդիմադիր համայնքապետին:

Դա, իհարկե, չի խանգարում, որ ՔՊ-ականներն ու իրենց առաջնորդը զօրուգիշեր խոսեն ժողովրդավարությունից, արդար ընտրություններից, դատապարտեն նախկինների ընտրակեղծիքները, հայտարարեն, թե Հայաստանում «փակ է ընտրակեղծարարության էջը»:

Բայց դա նաեւ չի նշանակում, որ ընդդիմադիր համայնքապետեր Մամիկոն Ասլանյանը, Հարություն Մանուչարյանը, Առուշ Առուշանյանը, Վարդան Ղուկասյանը պետք է ազատության մեջ մնալու, համայնքապետ ընտրվելու եւ աշխատելու հույսեր փայփայեն Հայաստանում:

Առհասարակ` մեր հանրությանը մեծ «ազատություն» է տրված, եւ դա Նիկոլ Փաշինյանին պաշտելու, նրա առաջադրած թեկնածուներին ընտրելու ազատությունն է: Այս ազատությունը դուք կարող եք հանգիստ վայելել, եւ ձեր դուռը երբեք ոստիկաններ, դիմակավորված անձինք չեն բախի, ձեզ ասֆալտին չեն փռի, եթե անգամ հանցանք կատարեք:

Ուրիշ ազատություններ էլ են տրված: Օրինակ, հայ-ադրբեջանական, հայ-­թուրքական բարեկամությունը գովերգելու, Արցախն ատելու, Փաշինյանի բերած «խաղաղությունը» եւ Թրամփի ուղին փառաբանելու ազատությունը:

Դուք անգամ կարող եք քննադատել ոմանց, եթե քննադատելու ցանկություն ունեք: Խնդրեմ` 3 նախկին նախագահներին, կաթողիկոսին, Սամվել Կարապետյանին, Դաշնակցությանը, ընդդիմադիր ուժերին, կարող եք անգամ Սամվել Շահրամանյանին ու Վլադիմիր Պուտինին քննադատել: