26/10/2025

Հայ առաքելական եկեղեցու վրա չի կարելի զորք ու բանակով, դատ ու դատաստանով հարձակվել

Աստիճանաբար պարզ է դառ­նում, որ ինչպես 2021-ի ընտրություններին, այսօր էլ իշխանությունն իր վերարտադրվելը հասարակության վրա խաղաղության գնով է ուզում վաճառել: Դա երեւում է նրա այսօրվա քարոզչությունից, դրանով է ներծծված նրա ողջ խոսույթը:

Իսկ այդպիսի խոսույթն արդեն իսկ ձախողված պետություն լինելու մասին է, որովհետեւ չձախողված պետությունը խաղաղություն եւ պատերազմ կատեգորիաներով չի դատում: Նա մտածում եւ գործում է պետությունը զարգացնելու՝ նրա զարգանալու հեռանկարները մեծացնելու կատեգորիաներով:

Չձախողված պետության պատկերացումներում պետությունը զարգացնելու՝ նրա զարգացման հեռանկարները մեծացնելու համար, պատերազմ կլինի թե խաղաղություն, դա սովորական թվաբանություն է, գումարելու եւ հանելու հարց:

Երկրի տնտեսության վիճակը, բանակի սպառազինվածությունն ու մարտունակությունը, կոմունիկացիաներն ու երկրի դեմոգրաֆիան, ժողովրդի հավատն առ Աստված եւ նրա նվիրվածությունն իր եկեղեցուն` ահա այն մեծությունները, որոնցով չձախողված պետությունն անում է իր գումարումն ու հանումը, որոնցով վարում է իր թվաբանությունը:

Այս իմաստով, չձախողված պետության նպատակը ո՛չ խաղաղությունը եւ ո՛չ էլ պատերազմը չէ: Նա խաղաղությունից կառչած է մնում այնքան ժամանակ, քանի դեռ այն նպաստում եւ չի խոչընդոտում երկրի զարգացման՝ նրա զարգանալու հեռանկարները մեծացնելուն:

Եվ հակառակը․ չձախողված պետությունը պատերազմի չի գնում միայն այնքան ժամանակ, քանի դեռ իր թվաբանությունն իրեն հուշում է, որ պատերազմը երկիրը զարգացնելու՝ նրա զարգանալու հեռանկարները մեծացնելու հնարավորությունները չի մեծացնում:

Իսկ երբ նրա թվաբանությունն իրեն ասում է, որ պատերազմն է երկիրն ու պետությունը զարգացնելու՝ նրա զարգացման հեռանկարները մեծացնելու հնարավորությունը, չձախողված պետությունը, առանց երկմտելու, ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմն է ընտրում:

Բայց, ինչպես ցույց են տալիս ներհայաստանյան վերջին գործընթացները, այս երկիրը ձախողվել է ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության հարցում: Ձախողվել է, որովհետեւ թույլ է տվել, որ երկրում ընդդիմություն լինեն նրանք, ովքեր չեն համարձակվում հայտարարել, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղիներից մեկն էլ ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմն է, ովքեր չեն հասկանում, որ եթե երկրում մի իշխանություն է, որը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցու վրա չի կարելի զորք ու բանակով, դատ ու դատաստանով հարձակվել, ու հարձակվում է, ապա իրենց խնդիրը ոչ թե եվրոպական կոնվենցիաներով կամ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունները մեջբերելով իշխանության գործողությունների հակասահմանադրական լինելն ապացուցելն է, այլ թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր միջոցներով իրենց 1700-ամյա եկեղեցին պաշտպանելը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ