26/10/2025

Ժողովուրդը լավ գիտի՝ ով ով է․ Մեսրոպ Առաքելյան

«Հրապարակի» զրուցակիցն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է:

– Խորհրդարանական ընդ­դիմությունը հայտարարում է վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին, իսկ որոշ ընդդիմադիր ուժեր իրատեսական են համարում միայն 2026 թվականի ընտրություններն ու այդ ժամանակ իշխանափոխության հասնելը: Ի՞նչ վերադասավորումների սպասել:

– Իմպիչմենտի գործընթացի արդյունավետության մթնոլորտ չկա, այն ուղղակի որոշ ուժերի համար քաղաքական զբաղմունք է՝ ոչ ավելին։ Նման գործընթացի համար պետք է լինի հանրային մեծ աջակցություն, որին միայն պետք է հետեւի իրավական գործընթացը։ Ցավոք, այս պահին իրատեսական չէ գեներացնել հանրային այնպիսի ճնշում, որը կբերի իշխանափոխության։ Հետեւաբար, հաշվի առնելով նաեւ ժամանակը, քաղաքական գործընթացները գնում են դեպի խորհրդարանական ընտրություններ, որն էլ իշխանափոխության ամենառեալ շանսն է։

– Ձեր քաղաքական թիմը մտադի՞ր է մասնակցել գալիք ընտրություններին, եթե այո, ապա ի՞նչ առաքելությամբ եւ ծրագրային հայեցակարգով:

– «Ապրելու երկիր» կուսակցությունը 2021-ից քաղաքական իրադարձությունների կիզակետում է, մասնակցել է 20-ից ավելի ՏԻՄ ընտրությունների, հետեւաբար՝ ԱԺ ընտրություններին մասնակցությունը մեր բնական գործընթացի հաջորդ հանգրվանն է, եւ, ի տարբերություն շատ ուժերի, մենք ընտրություններից առաջ չենք հայտնվում քաղաքական դաշտում, այլ մեր մի քանի տարվա աշխատանքով, փորձով հավակնում ենք արժանանալ հանրության մեծ վստահությանը։ Ձեւաչափի եւ ծրագրերի մասով քննարկումների փուլում ենք, առաջիկայում քայլ առ քայլ կներկայացնենք։

– Այս իշխանությունները մեր սրբազան հողը, Արցախը դարձրին ոչ թե ապրելու երկիր, այլ՝ «մեռնելու», սրբավայրը վերածեցին «շիրմատան»՝ պատերազմի զոհերի, քաղաքական սպանությունների արյամբ եւ հայոց ամենայն ինչի դեմ համատարած արշավով: Ապրելու ելք կա՞…

– Այո, մեր առաջ առկա մարտահրավերները շատ լուրջ են, որոնք նաեւ մեծ կորուստների հանգեցրին։ Բայց այլ ճանապարհ, քան պայքարել, մենք չունենք։ Խելացի, նվիրված, հետեւողական եւ պատասխանատու աշխատանքը, վստահ եմ, լուծելու է բոլոր խնդիրները, եւ մենք ունենալու ենք այն հայրենիքը, որին արժանի ենք։

– Երկու նախկին նախագահների թիմերն անցել են ակնհայտ «փոխհրաձգության», «Մեր ձեւով» շարժումը հայտարարում է նրանցից եւ ոչ մեկի հետ չհամագործակցելու մասին՝ նախընտրական եւ ընտրական գործընթացի համատեքստում: Այս՝ նախկին ու ներկա, սեւ ու սպիտակ հակադրումներն ի՞նչ նոր իրողություն կարող են գեներացնել:

– Մենք շարունակում ենք մեր ճանապարհը՝ աշխատելով ժողովրդի հետ։ Վստահ եմ, որ ժողովուրդը լավ գիտի, թե քաղաքական դաշտում ով ով է, ով ինչ է արել, ինչպես է երկիրը կառավարել երկար տարիներ, եւ, ըստ այդմ, ճշմարտությունն իր արտահայտումն է ստանալու քաղաքացու քվեի տեսքով ՝ ամենքին տալով արժանի կարգավիճակ։