Ամփոփելով իշխանության բռնաճնշումները Եկեղեցու դեմ՝ արձանագրենք, որ այս պահի դրությամբ երեք սրբազանները՝ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Վեհափառի քրոջ որդին է, անազատության մեջ են:
Հրապարակ թերթը գրել է․ Կալանավորված է նաեւ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Գարեգին Արսենյանը: Արագածոտնի թեմի բերման ենթարկված քահանաները՝ Տեր Համբարձումը, Տեր Նարեկը, Տեր Սարգիսը, Տեր Օշինը եւ մյուս հոգեւորականները, հարցաքննվել են որպես վկա եւ գտնվում են ազատության մեջ:
Այն, ինչ կատարվում է կալանավորված հոգեւորականների շուրջ, դուրս է իրավաբանության շրջանակներից: Արդեն վաղուց ապացուցված է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մեղադրանքը՝ ահաբեկչության եւ իշխանության յուրացման փորձ, շինծու է եւ հիմնված է մոնտաժված ձայնագրության վրա: Նրա շահերը ներկայացնող փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը դեռեւս օգոստոսին մանրամասն ներկայացրել էր աղմկահարույց ձայնագրության չմոնտաժված տարբերակը, ինչպես նաեւ՝ մոնտաժի ողջ տեխնոլոգիան, թե որտեղ են կտրել Սրբազանի խոսքը, որտեղից են կցել շարունակությունը, ինչ էր, ու ինչ են ստացել:
Սակայն դատախազությանն ու քննիչներին նա չի կարողացել համոզել: «Նրանք համոզված պնդում են, որ այս ապացույցի մեջ ոչ մի կեղծիք չկա»,- ասում է փաստաբանը:
Բագրատ սրբազանի եւ նրա 17 կողմնակիցների դատավարությունը դեռ նախնական փուլում է: «Նոր-նոր սկսում ենք, դեռ դատաքննությունը չի սկսվել, ապացույցները չեն ուսումնասիրվել, գործի վերաբերյալ տարբեր միջնորդություններ ենք ներկայացնում:
Կալանքի վերաբերյալ բողոքարկումներ ենք արել: Սրբազանինը վերաքննիչը չի փոխել, բայց բացել է տեսակցությունները, երկու անձի կալանքը տնային կալանքով է փոխարինել, մնացածինը մերժել է: Նոյեմբերին առաջին ատյանը պետք է կալանքի երկարացման հարց քննարկի»,- ասում է Հովհաննես Խուդոյանը:
Ի դեպ, Քննչական կոմիտեն օրերս Հովհաննես Խուդոյանի վերաբերյալ Փաստաբանների պալատին ներկայացրել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում՝ այն բանի համար, որ վերջինս Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը Հանրայինի եթերում որակել է որպես սուտ: Իսկ ՔԿ նախագահը Հանրայինի եթերում ասել էր, որ Սրբազանին վերաբերող ձայնագրության մեջ նա խոսում է մարդկանց գնդակահարելու մասին:
Այսինքն, կալանավորված փաստաբան Կոչուբաեւից հետո ՔԿ թիրախում, կարելի է ասել, հայտնվել է Հովհաննես Խուդոյանը: Նույն՝ Հանրայինի եթերին բանտից հետեւում է նաեւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Նա օրերս Պետրոս Ղազարյանի «Մեծ բանավեճ» հաղորդումն է դիտել ու իր բանտարկության 115-րդ օրը կալանավայրից իր «խոնարհումն» է հայտնել Բորիս Մուրազիին` «իր եզդի եղբորը»` իրեն, Վեհափառ հայրապետին, Բագրատ եւ Մկրտիչ սրբազաններին եւ, ընդհանրապես, Հայ եկեղեցին «հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար եւ անձնվիրաբար պաշտպանելու համար»:
Սեպտեմբերի 24-ին, հիշեցնենք, դատավոր Արմինե Մելիքսեթյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչեց իշխանությունը զավթելու կոչի հոդվածով եւ դատապարտեց 2 տարի ազատազրկման: Մեղադրանքի հիմքն Աջապահյանի անցյալ տարվա մի հարցազրույց էր, որտեղ հեղաշրջման անհրաժեշտության մասին արտահայտություն կար, եւ որտեղ դատախազությունը, արդեն մի անգամ քննելով, հանցակազմ չէր տեսել:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը «Հրապարակին» հայտնեց, որ ոչ միայն իրենք, այլեւ դատախազությունը բողոքարկել է դատավճիռը՝ համարելով, որ Սրբազանին մեղմ պատիժ են տվել: «Դատախազությունը պահանջել էր 2,5 տարի: Բայց ինձ թվում է՝ ավելի շուտ բողոքարկել են, որ գործն արագ իրենց ուզած դատավորի մոտ գցեն»,- ասում է Արա Զոհրաբյանը: Նա այցելել է Միքայել սրբազանին, ասում է, որ նրա ինքնազգացողությունը լավ է: Նա նաեւ պաշտպանում է Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի շահերը: Նրա կալանքի որոշումը բողոքարկելու է: «Այս պահին բողոքի վրա ենք աշխատում, նրան եւս տեսակցել եմ»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Զրուցեցինք նաեւ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Գարեգին Արսենյանի փաստաբան Պետրոս Պետրոսյանի հետ: «Իրավաբանորեն Տեր Գարեգինին ներկայացված մեղադրանքն անհասկանալի է: Եթե հոդվածի վերնագրին ապավինենք, նրան մեղադրում են հավաքներին մասնակցելու հարկադրանքին օժանդակելու մեջ: Մեղադրանքի բովանդակության մեջ նշված չէ, թե ինչ եղանակով է հարկադրանքը տեղի ունեցել, ինչը պարտադիր պայման է:
Օրենքը հարկադրանքի 3 եղանակ է նախատեսում՝ բռնությամբ, գույք վնասել-ոչնչացնելու սպառնալիքով, շանտաժի եղանակով: Բայց մեղադրանքում եղանակը նկարագրված չէ: Խոսքը Մկրտիչ սրբազանի կողմից, իբր, հարկադրանքը քահանաներին փոխանցելու մասին է»,- ասում է Պետրոս Պետրոսյանը: Ըստ նրա, մեղադրանքն իրավաբանորեն անգրագետ է, ո՛չ հանցանքի կատարման վայրն է նշված, ո՛չ ժամանակը: «Եվ այս անորոշ մեղադրանքով Տեր Գարեգինը գտնվում է կալանքի տակ»:
Որպես այդպիսին, միակ ապացույցը հայտնի քահանա Տեր Արամի ցուցմունքն է, սակայն նրա ցուցմունքներում, ըստ Պետրոս Պետրոսյանի, հարկադրանքի մասին խոսք չկա:
Ինչպե՞ս եք գնահատում այն գործընթացը, որը տեղի է ունենում մեր հոգեւորականության նկատմամբ: «Նույնիսկ շարքային հանցագործը միջին ծանրության հանցանքի դեպքում չի տարվում կալանքի, անգամ ակնհայտ հիմքերի պայմաններում, ուր մնաց՝ հոգեւորականները, որոնց պետք է ավելի զգույշ վերաբերվել, որովհետեւ նրանք ավելի բարձր հասարակական վստահություն են վայելում, որովհետեւ դա մեր հավատքն է»,- ասաց նախկին դատախազը:






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են