26/10/2025

Պուտինը կկորցնի Չինաստանի հովանավորությունը

Նախագահ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երեք տարբերակից ընտրել է միջինը, The Wall Street Journal-ին ասել է Սպիտակ տան մի պաշտոնյա և խոստովանել, որ այդ որոշումը «բոլորի համար անակնկալ էր»:

Ըստ ամերիկյան պաշտոնյայի,« միջին ծանրության» պատժամիջոցները, որ կիրառվել են «Ռոսնևթ» և «Լուկօյլ» ընկերությունների նկատմամբ, «արդեն աշխատում են»:

Այլ աղբյուրներ ևս վկայում են, որ չինական և հնդկական բազմաթիվ ընկերություններ Ռուսաստանի նշված ընկերությունների հետ նավթի գնման գործարքները «վերանայում են»:

Հոկտեմբերի 23-ին Պուտինը «ոչ բարեկամական» է գնահատել ամերիկյան պատժամիջոցները, բայց անմիջապես հավելել, որ դրանք ռուսական «տնտեսական ինքնազգացողության վրա չեն ազդի»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հայտարարությանն արձագանքել է բավական իրոնիկ ոճով. «Ես ուրախ եմ, որ այդպես է, որ նա այդպես է կարծում: Դա լավ է, բայց ես այդ մասին կխոսեմ վեց ամիս հետո, կտեսնենք, թե դա ինչպես է աշխատում»,- լրագրողներին ասել է նա:

Հոկտեմբերի 24-ին խիստ անհանգիստ հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա անդրադարձել է Սենատի միջազգային հարցերով կոմիտեում հավանության արժանացած նախաձեռնությանը:

Դեմոկրատ սենատոր Ջին Շահինի նախաձեռնությունը, որ պետքարտուղարությանը կոչ է անում Ռուսաստանը ճանաչել «ահաբեկչությունը հովանավորող երկիր», աջակցություն է ստացել նաև հանրապետականներից: Զախարովան համարում է, որ այդ բանաձևի ընդունումը «նպատակ ունի խաթարելու ռուս-ամերիկյան երկխոսությունը»:

Իրազեկ աղբյուրները վկայում են, որ Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու պատճառ է դարձել Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցը, ինչից պարզ է դարձել, որ Ռուսաստանը չի ընդունում Ուկրաինայում հրադադարի հաստատման առաջարկությունը:

Այս բարդ ֆոնին Միացյալ Նահանգների նախագահն ուղևորվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Միջազգային փորձագետների ուշադրությունը սևեռված է Թրամփ-Սի Ծինփին հանդիպման վրա: Իշխող տեսակետ է, որ ԱՄՆ-ը Չինաստանին «առաջարկում է կիսել Ասիան»:

Ուշագրավ է, որ Թրամփ-Սի Ծինփին բանակցություններին նախորդում է Չինաստանի իշխող՝ կոմունիստական, կուսակցության խորհրդաժողովը, որ, կարծես, լուծում է իշխանության «սենրդափոխության» հարցը: Եթե հաղթեն «պրագմատիկ-տեխնոկրատները», ապա չին-ամերիկյան համագործակցության մեծ հեռանկար կբացվի: Այդ դեպքում Պուտինը կկորցնի Չինաստանի հովանավորությունը: