Ադրբեջանի «ընդդիմադիր» կուսակցություններից մեկը՝ «Մայր հայրենիքը», հրավիրել է արտահերթ համագումար: Օրակարգում ընդգրկվել է մեկ՝ կուսակցության նոր առաջնորդի ընտրության, հարց:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ համագումարը «ձախողվել է»: Ըստ տեղեկությունների, կուսակցության գործող ղեկավար Ֆազայիլ Աղամալիևը մտադիր է եղել աթոռը փոխանցել դստերը, բայց համագումարի ընթացքում իրավահաջորդի հայտ է ներկայացրել նաև նրա որդին:
Չկարողանալով կողմնորոշվել, համագումարի պատվիրակները որոշել են, որ Աղամալիևը պետք է շարունակի գլխավորել կուսակցությունը՝ մինչև նոր համագումար կհրավիրվի:
Անցած խորհրդարանական ընտրություններում Ֆազայիլ Աղամալիևին հաջողվել է Միլլի մեջլիսի պատգամավորի մանդատը փոխանցել դստերը՝ Գյունայ Աղամալիևային: Ըստ երևույթին, նա որդու՝ Էլչին Աղամալիևի հետ խնդիրներ ունի կամ վերջինս քաղաքական գործունեությամբ զբաղվելու պիտանի չէ:
Բայց «Մայր հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարի հրավիրումն ուշագրավ է այլ առումով: Վերջին օրերին ադրբեջանական տասնյակ լրատվամիջոցներ Ֆազայիլ Աղամալիևին ներկայացնում են որպես կալանքի տակ գտնվող՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի մերձավոր շրջապատի մարդու:
Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ: Դրանցից մեկը բացահայտում է Աղամալիևի և Մեհթիևի կապը դեռևս խորհրդային շրջանից: Մամուլը գրում է, որ Աղամալիևին քաղաքական ասպարեզ է բերել Ռամիզ Մեհթիևը, նա է դեռևս Հեյդար Ալիևի պաշտոնավարման շրջանում մշակել «գրպանային ընդդիմություն ստեղծելու նախագիծը»:
Ըստ երևույթին, այդ տեղեկությունները մոտ են իրականությանը, և «գրպանային ընդդիմության» ամենահայտնի դեմքերից Ֆազայիլ Աղամալիևը որոշել է թողնել հրապարակային գործունեությունը, կուսակցության առաջնորդի աթոռը փոխանցել դստերը:
Մամուլին հայտնի է դարձել, որ Մեհթիևը «չի հանձնվում», նրան հաջողվել է պետության կողմից նշանակված փաստաբանի ծառայությունից հրաժարվել: Ներկայումս նրա շահերը պաշտպանում են երեք անկախ փաստաբաններ, որոնց ինքնությունը չի բացահայտվում:






Բաց մի թողեք
Իշխանությունն արդեն մտնում է մեր ննջարաններն ու զուգարանները
Մանր քարիկներ կհպվեն եկեղեցու պատերին ու կթափվեն պատերի տակ՝ իբրև աղբ
Ըստ Reuters-ի վերլուծաբանների, ուժային մեթոդների վրա խաղադրույքը կարող է հակառակ արդյունք տալ Փաշինյանի համար