ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր. «Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և իրենց վերապահված իրավունքների շրջանակում»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին ժամանակահատվածում այս կամ այն պաշտոնյային պաշտոններից ազատելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները ու պարզել, որ նրա այս հայտարարությունը ճիշտ չէ։
2024 թվականի նոյեմբերի 16-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հայտնի՝ SMS հաղորդագրություններով հրաժարականների դեպքը, երբ մեկ օրում պաշտոններից հեռացան 6 պաշտոնյաներ։ Հրաժարական տված պաշտոնյաների շարքում ոչ միայն նրանք էին, ովքեր վարչապետի անմիջական ենթականերն էին և նշանակվում են իր հրամանագրով, այլ նաև վարչապետին ոչ ենթակա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանում գործող անկախ մարմին է, որը պետք է երաշխավորի դատավորների և դատարանների անկախությունը։ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է դատավորների ընդհանուր խորհուրդը, իսկ մյուս 5-ին՝ Ազգային ժողովը։ Այդ 10 անդամները իրենց հերթին իրենց շարքից ընտրում են ԲԴԽ նախագահին։
Ինչպես նկատելի է, ԲԴԽ նախագահի նշանակման կամ ընտրության գործընթացում վարչապետի մասնակցությունը չկա, սակայն վերջինս իրեն իրավունք էր վերապահել նոյեմբերի 16-ին հաղորդագրություն ուղարկել նաև ԲԴԽ այն ժամանակվա նախագահ Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով նրան հրաժարական տալ։
SMS հաղորդագրության մասին տեղեկությունը նախ հաստատել է հենց ինքը՝ վարչապետը, այնուհետև այդ մասին խոսել էր նաև Կարեն Անդրեասյանը։
Այսպես, 2024 թվականի նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը նշել էր, որ իր նամակը ոչ թե հորդոր է եղել, այլ՝ խնդրանք։ Նույն հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ ինքը նման հորդորով դիմելու քաղաքական, բարոյական իրավունքն ունեցել է։
Ավելի ուշ, 2024 թվականի դեկտեմբերին Կարեն Անդրեասյանը «Սիվիլնեթին» տված իր հարցազրույցում հաստատել էր՝ վարչապետից պաշտոնն ազատելու մասին հեռախոսային հաղորդագրություն է ստացել։
Այս թեմայի համատեքստում շատ կարևոր է նշել նաև Freedom House-ի 2025 թվականի զեկույցը, որտեղ հիշատակվել է Անդրեասյանի հրաժարականը. մասնագետներն այն գնահատել են որպես Սահմանադրության սկզբունքները խախտող և դատական համակարգի անկախությունը խաթարող։
Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը «ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունի» հակասում է իրականությանը. չունենալով Սահմանադրությամբ անկախ մարմնի ղեկավարին հրահանգ տալու լիազորություն՝ նա, փաստացի, այդ մարմնի նախկին ղեկավարին հեռախոսային հաղորդագրությամբ հորդորել-խնդրել է ազատել պաշտոնը։
Հասմիկ Համբարձումյան






Բաց մի թողեք
Անչափահասների նկատմամբ սեռական բռնության աճ Հայաստանում
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը տևել է 38 տարի, միլիոնավոր մարդիկ են զոհվել․ Թրամփ
ԱԱԾ նկուղներում հոգևորականներ են՝ ինչպես Ստալինի ժամանակներում