13/11/2025

Հաղարծինի ճանապարհին ավտոբուս է շրջվել․ Որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում․ Բրյուսովի համալսարան

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը տեղեկացնում է, որ Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված բոլոր ուսանողներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Այս մասին հայտարարություն է տարածել համալսարանը։

Բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն, անհրաժեշտության դեպքում շարունակվելու է բժշկական վերահսկողությունը։

Համալսարանը շարունակում է կապ պահպանել տուժած ուսանողների և նրանց ընտանիքների հետ՝ ապահովելով անհրաժեշտ աջակցություն։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ կապված վթարված ավտոբուսի հետ․

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների խմբի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։

Դեպքի հետևանքով մի շարք ուսանողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են Տավուշի մարզային բժշկական կենտրոն, որտեղ նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։ Մեկ ուսանողի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նրանց տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։

Նշենք, որ համալսարանի ղեկավարությունը և ուսանողական խորհրդի ներկայացուցիչները այս պահին գտնվում են դեպքի վայրում` ուսանողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը խորին մտահոգությամբ հետևում է իրավիճակին և կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության։

Blog Image