«Հրապարակի» զրուցակիցը «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանն է:
– Երբ խոսվում է ընտրակեղծարարության եւ ընտրական խարդավանքների մասին, մեր հանրությունն անմիջապես մտաբերում է քվեատուփերի լցոնումները կամ 5-10 հազար դրամով ձայն գնելը, սակայն բազում այլ կեղծիքներ կան այժմ: Որո՞նք են ժամանակակից ընտրակեղծարարության մեթոդները: «Հայաքվեն» իրականացնում է դիտորդական առաքելություն, ի՞նչ նոր մեթոդներ եք նկատել:
– Օրինակ, Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի ժամանակ ընտրակեղծարարություն տեղի ունեցավ: Էդգար Ղազարյանը ներկայացնում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, իսկ Դավիթ Անանյանը` «Միասնության թեւեր»-ը: 30 րոպե նրանց զրկեցին ձայնի իրավունքից, սակայն Ալեն Սիմոնյանը, անկախ նրանից՝ հարցերը վերաբերում էին իրեն, թե ոչ, մեջ էր ընկնում, անգամ բանը հասավ նրան, որ Էդգար Ղազարյանը ռեպլիկի տեսքով հարց տվեց, թե` չե՞ք ուզում նրա բարձրախոսն էլ անջատեք: Հանրային հեռուստաընկերությունը գուցե տեխնիկապես հավասարություն է դնում ուժերի միջեւ, սակայն ամեն հնարավոր առիթով ընդդիմության դեմ հակաքարոզ է իրականացնում: Անդադար հայտարարում են` վարչապետն էս արեց, էն արեց, գովում են իրենց վարչապետին, սակայն ընդդիմության մասին խոսելիս պարզապես դատավճիռներ են ներկայացնում, անունը դնում քաղաքական տեքստ, խախտում են անմեղության կանխավարկածը, խոսում են այն մասին, որ բանտերում փակել են «հանցագործներին», սակայն բոլորս գիտենք, որ ընտրություններից հետո, այսպես թե այնպես, նրանք՝ բոլորը, դուրս են գալու կալանավայրերից` արդարացված: Ակնհայտ է, որ կիրառում են լծակներ եւ կեղծում են պրոցեսները՝ օգտվելով իշխանական ռեսուրսներից, որոնք այս պահին ունեն…. արդյունքում ստեղծվել են խիստ անհավասար պայմաններ, իսկ խիստ անհավասար պայմաններն ընտրությունների ժամանակ արդեն իսկ մեծ ընտրակեղծիք են: Պարտադիր չէ, որ թերթիկ վերցնես ու լցոնում անես, վաղուց անցել են այդ թվերը:

– Իշխանությունները, վախենալով արցախցիների քվեներից, նրանց մեծամասնությանն արգելեցին մասնակցել ընտրություններին՝ պատճառաբանելով անձնագրերի խնդիրը, բայց, նախ, նրանք հայկական անձնագրեր ունեին եւ ասում են, որ ամիսներ առաջ դիմել են Միգրացիայի ծառայություն, սակայն նոր նմուշի անձնագրեր տալը միտումնավոր ձգձգում են, որպեսզի նրանք ընտրություններին չմասնակցեն:
– Այո, մենք պայքարում ենք այդ երեւույթի դեմ: Համատարած մերժում են արցախցիներին՝ մասնակցել ընտրություններին, ինչն ապօրինություն է: Այդ մարդիկ իրենց նույն այդ անձնագրերով մասնակցել են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Անձնագրի մասին» օրենքը նրանց չի արգելում հիմա էլ մասնակցել ընտրություններին: Արցախցիների անձնագրերը Հայաստանի անձնագրեր են, մեր՝ բոլորիս անձնագրերի նման, դրանք բնավ ճամփորդական անձնագրեր չեն, բայց մարդկանց զրկում են քվեարկությանը մասնակցելուց, հասկանալի նպատակներով․ ամեն բան իշխանությունն անում է իր քմահաճույքով, հասկացանք, որ իշխանություն են, բայց հո ամեն ինչ իրենց ասելով չէ՞: Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել են:
– Խոսակցություններ կան, որ որոշակի մախինացիաների են նաեւ դիմում, եւ կարող են շրջիկ քվեարկողների խմբեր լինել, որ տարբեր տեղամասերում քվեարկեն:
– Ես էլ եմ նման ասեկոսեներ ստացել, բայց չունեմ հստակ փաստեր: Եթե կլինեն նման դեպքեր, մենք անպայման բռնելու ենք նրանց, խոսելու ենք այդ մասին: Ֆիքսենք, որ այս իշխանությունը քաղաքացուն պաստառ պոկելու համար հասցրեց ինքնասպանության, իսկ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ դժբախտությունների վրա դիվիդենտներ է ընդդիմությունը հավաքում: Անգամ 15 այրված զինվորների ծնողները երբ մոտենում են իրենց, քիչ է մնում հոշոտեն, ոչինչ հաշվի չեն առնում` ո՛չ տարիք, ո՛չ կարգավիճակ, ընդդիմադիր քաղաքացիներին տեռորիստի տեղ են դրել, բայց չէ՞ որ պարտավոր են լսել բոլորին, նա 3 միլիոն քաղաքացիների վարչապետն է, այլ ոչ թե միայն իրենց աջակիցների: Նախկինում որքան վատ ու արատավոր երեւույթներ եղել են, օրվա իշխանությունը դրանք կատարելագործել է:

Բաց մի թողեք
Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են
Կորցրել է մեր վստահությունը
ՔՊ-ի համակիրների համար մեկ է