10/11/2025

Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունը սրվում է, առաջինը կգրավի Գազան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավարներին: Թուրքական լրատվամիջոցները չեն մասնավորեցնում, թե ովքե՞ր են ներկայացրել ՀԱՄԱՍ-ը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, քննարկվել են «Գազայում մարդասիրական օգնության ծավալները մեծացնելու հետ կապված հարցեր»:

Ավելի ուշ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան «մշտապես կգտնվի Գազայի և Պաղեստինի արդարացի պայքարի առաջնագծում»: Թուրքիայի արտգործնախարարը ևս մեկ անգամ հնչեցրել է իսրայելա-պաղեստինյան կարգավորման «երկու պետություն» սկզբունքը: Անկարան շարունակում է պնդել, որ Գազան, Հորդանան գետի արևմտյան ափի տարածքները «պետք է կազմավորեն Պաղեստինի միասնական տարածքը, իսկ Արևելյան Երուսաղեմը լինի նրա մայրաքաղաքը»:

Գազայում հրադադարի ամրապնդման եւ հետկոնֆլիկտային կառավարման հարցերով Թուրքիայի նախագահը բանակցություններ է վարել Կատարում և Օմանում: Նոյեմբերի 2-ին նա Բաղդադ է գործուղել արտաքին գործերի նախարար Ֆիդանին, որը բանակցություններ է վարել իրաքցի պաշտոնակցի հետ և արժանացել արաբական երկրի նախագահի ընդունելությանը:

Այդ ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բարձրացրել է Իրաքում Քրդական բանվորական կուսակցության զինված ջոկատների կազմացրման հարցը: Կողմերը քննարկել են նաև ջրօգտագործման շուրջ ծագած խնդիրների «արդյունավետ կարգավորման հեռանկարը»:

Այս ֆոնին Turkiye իշխանամետ պարբերականը տեղեկություն է տարածել, որ նոյեմբերի 3-ին Ստամբուլում «Գազայի հարցով նախարարական խորհրդաժողով կգումարվի», որ կգլխավորի Հաքան Ֆիդանը: Թուրքիան լրատվամիջոցը չի մասնավորեցրել, թե որ երկրների արտգործնախարարներ են Ստամբուլ հրավիրվել:

Շարմ էլ Շեյխի գագաթաժողովում Գազայի վերաբերյալ քաղաքական հայտարարություն ստորագրել են ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան: ԱՄՆ պետքարտուղարի Ստամբուլ այցը հազիվ թե հավանական է: Պետք է ենթադրել, որ Ֆիդանը խորհրդատվությունների է հրավիրել Եգիպտոսի և Կատարի արտգործնախարարներին:

Թուրքիան հետևողական համառությամբ ձգտում է Գազայում զինված ներկայություն ունենալ, իսկ Իսրայելը՝ վճռականապես մերժում ոչ միայն այդ, այլև վերականգնողական աշխատանքներին թուրքական ընկերությունների մասնակցության հավանականությունը: Եգիպտոսը և Կատարն այդ հարցում Իսրայելի նկատմամբ ազդեցություն չեն կարող գործել:

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասել է, որ Գազայում հրադադարի հաստատմանը Թուրքիան օժանդակել է, բայց Իսրայելն «ինքնուրույն է որոշում կայացնում»:

Կարելի է ենթադրել, որ Թուրքիան ճգնելու է մինչև վերջ օգտագործել ՀԱՄԱՍ-ի հետ կապերի գործոնը: Գազայում Թուրքիայի զինված ներկայությունը Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական «դիմանկար կփոխի»:

Իսկ դա հարևան տարածաշրջաններում անհետևանք չի մնա: