13/11/2025

ՄՀ ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի՞ մտքի արգասիքն է, թե՞ սույն շարադրանքը դուրս է պրծել Թևանյանի պես «հանճարեղ գլխից»

Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որոշները ԿԸՀ են ներկայացրել իրենց նախընտրական ծրագրերը։

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն օրերս համայնքներից մեկում քարոզարշավի ընթացքում նկատեց՝ դատելով որոշ ուժերի նախընտրական ծրագրերից՝ դրանց հեղինակները գաղափար անգամ չունեն ՏԻՄ ընտրությունների նշանակության, համայնքի բնակավայրերի, դրանց աշխարհագրական առանձնահատկությունների մասին։

«Այդ ծրագրերում այնպիսի ձևակերպումներ կան, օրինակ՝ «բարձր լեռնային գյուղեր», որոնք հուշում են՝ դրանց հեղինակները համայնքի բնակավայրերի մասին ընդհանրապես պատկերացում չունեն։ Արարատյան դաշտում չենք կարող ունենալ «բարձր լեռնային գյուղեր», թե՞ որ գյուղի անվանումը Արագած է, Լեռնամերձ է, դրանից են ենթադրել, որ այդ գյուղերը «բարձր լեռնային» են։ Սա հուշում է, որ իրենք այդ գյուղերում իրենց ամբողջ կյանքի ընթացքում չեն եղել ու չեն էլ պատկերացնում այդ գյուղերի իրական խնդիրները»։

Civic.am-ն աչքի անցկացնելով ԿԸՀ կայքում հրապարակված ծրագրերը՝ պարզեց, որ Մեխակյանի նշած քաղաքական ուժը ՀՅԴ-ի ու «Առաջ» աջակենտրոն կուսակցության ձևավորած «Հաղթանակ» դաշինքն է։ Այն, ինչպես հայտնի է, գլխավորում է «Տարոն Մարգարյանի Սաքուլիկ» մականունը ստացած Սևակ Խաչատրյանը։

Նկատենք՝ ծրագիրը, որը ԿԸՀ-ում զետեղվել է հենց նրա անունով, ավելին՝ վերնագրվել որպես «տեսլական», զավեշտական ձևակերպումներով, կետադրական բազում սխալներով է լի։ «Էջմիածինն ու նրան միացած գյուղերը պետք է դառնան համերաշխ, փոխկապակցված ու հավասարապես զարգացող համայնք։ Ամեն բնակավայր՝ լինի այն մեծ քաղաք թե լեռնային փոքր գյուղ պետք է ունենա նույն հնարավորությունները՝ ապրելու, ստեղծագործելու և զարգացնելու սեփական տնտեսությունը»,- ահա այսպես է սկսվում Պետական տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր «Սաքուլիկի» «տեսլականը»։

Դատելով գյուղերի «համերաշխ դառնալու» մասին նրա դիտարկումից՝ կարելի է ենթադրել, որ Էջմիածինն ու հարակից գյուղերը, այսպես ասած, «միջհամայնքային անհամերաշխության» պայմաններում են ապրում, և «Հաղթանակ»-ի քաղաքապետացուն, ահա, կգա ու կհամերաշխեցնի բոլորին։

Բայց նախքան այդ Սևակ Խաչատրյանը պետք է ենթարկվի անհապաղ «լիկբեզի» Արմավիրի մարզի, մասնավորապես Վաղարշապատի ռելիեֆի մասին տարրական գիտելիքներ ձեռք բերելու համար, այլապես ինչպե՞ս է պատրաստվում «ամբողջական ասֆալտապատում ու ձմեռային անցանելիություն» ապահովել «լեռնային և դժվարամատչելի՝ Լեռնամերձ, Արագած և Մոնթեավան» գյուղերում։ Լեռնամերձն ու Արագածը, ի գիտություն, հարթավայրային են։

Զավեշտական են նաև պարոն Խաչատրյանի հեղինակած «տեսլականի» այլ ոլորտներին վերաբերող ձևակերպումները։ Օրինակ՝ խոսելով «թափառող կենդանիների աճող թվի» խնդիրը լուծելու մասին՝ «տեսլականի» հեղինակը գրում է՝ դրա համար «անհրաժեշտ է համապարփակ մոտեցում, ներառյալ ստերիլիզացիան, որին հաջորդում է թափառող կենդանիների բնական միջավայր վերադարձը, ապաստարանի ստեղծումը և հանրային կրթությունը։ Բուծման վերահսկողությունը պետք է լինի առաջնային խնդիր։

․․․Առնվազն 80 տոկոս թափառող կենդանիների որս, ստերջացում, վերականգնում․․․»։ Տպավորություն է, թե պարոն Խաչատրյանը իր տեսլականի այս հատվածը գեներացրել է արհեստական բանականության գործիքով, այլապես կենդանիների մասին իր մտքի գոհարները շարադրելիս կհիշեր բարդ նախադասությունների պատճառահետևանքային կապի մասին։ Ստացվում է՝ կենդանիներին որսալուց, ստերջացնելուց, նրանց «տնավորելուց»՝ ապաստարանով ապահովելուց, նրանց նկատմամբ մնացած «պրոցեդուրաներն» իրականացնելուց հետո «Հաղթանակ»-ի քաղաքապետացուն պատրաստվում է հոգալ նաև նրանց «հանրային կրթության» հարցը։ Հանցանք կատարած քաղաքացիների նկատմամբ «հանրային քրեական հետապնդման» հարուցման մասին լսել էինք, իսկ այ կենդանիների «հանրային կրթության» մասին առաջին անգամ ենք լսում։

Սևակ Խաչատրյանին թողնենք թող «լիկբեզվի»՝ անցնենք առաջադրված մյուս կուսակցությանը՝ «Մայր Հայաստան»-ին (ՄՀ)։ Նորանուն այս քաղպրոյեկտի ղեկավարը, ինչպես հայտնի է, «ФСБ-ի խոսափող» մականունը կրող Անդրանիկ Թևանյանն է։ Դատելով ՄՀ-ի նախընտրական ծրագրից՝ Գյումրիում ամիսներ առաջ տեղի ունեցած «Վարդան Ղուկասյան» «օպերացիայի» «համը» մնացել է Թևանյանի բերանում. «Մայր Հայաստան» դաշինքը, հիշեցնենք, երկու մանդատ ունի ավագանիում և Վ․ Ղուկասյանի քաղաքապետ դառնալուն կողմ քվեարկեց։ Թևանյանը հույս ունի, որ Գյումրին «հորով-մորով» անելուց հետո այժմ էլ Վաղարշապատում «կվերցնի» իշխանությունն ու կաթողիկոսանիստ քաղաքը «ազատագրելով»՝ կշարունակի Վարդան Ղուկասյանի կիսատ թողած գործը՝ «դբա Միութենական պետություն»։

««Մայր Հայաստան» կուսակցությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու ընտրությունները գնահատում է որպես գործընթաց, որը կարող է նախադրյալներ ստեղծել ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության համար: Մենք հանձնառու ենք պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օրվա իշխանությունների ադրբեջանահաճո ոտնձգություններից: Մեր ստորագրահավաք-ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ստացել է հազարավոր էջմիածինցիների աջակցությունը: Մեր նվազագույն խնդիրն այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է, առավելագույնը՝ համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը»,- ահա այսպիսի «նախերգանք» ունի կուսակցության նախընտրական ծրագիրը, որն, ի դեպ, անստորագիր է, հայտնի չէ՝ սա ՄՀ ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի՞ մտքի արգասիքն է, թե՞ սույն շարադրանքը դուրս է պրծել Թևանյանի պես «հանճարեղ գլխից»։ Հաշվի առնելով մեզ հասած տեղեկությունները, ըստ որոնց՝ Գրիշա Հարությունյանը կաղում է մայրենիից՝ տառասխալներով է գրում, ապա սույն ռազմահայրենասիրական «տրակտատը» դժվար թե նա «երկնած» լինի։

Ելենա Ազատյան