Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 4-ին ստորագրել է օրենք, ըստ որի պահեստազոր զորակոչված անձինք կարող են ներգրավվել երկրի կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությանը:
«Կոմերսանտը» մանրամասնում է, որ խոսքն այն անձանց մասին է, ովքեր «կամավոր հաշվառվել են պահեստազորում»: Պաշտպանության նախարարության զորակոչի և զորահավաքի գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Ցիմլյանսկին մամուլին ասել է, որ «պահեսազորայինները միայն իրենց տարածաշրջաններում են ներգրավվելու էներգետիկ և այլ ենթակառուցվածքներն ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումներից պաշտպանելու գործողություններին»:
Պետական դումայի պաշտպանության հարցերի կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը, մինչդեռ, պարզաբանել է, որ օրենքը «պահեստազորայինների համար միայն հարազատ մարզում ծառայության անցնելու բացառություն չի անում»:
Ըստ էության, Ռուսաստանում «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ: Ավելի վաղ ռուսաստանյան մամուլում փորձագիտական կարծիք է տարածվել, որ երկրի ենթակառուցվածքները պաշտպանելու համար «հարկ է ստեղծել ժողովրդական պարեկախմբեր»:
Ըստ երևույթին, օրենքի փոփոխությունները հենց այդ մասին են: Այլապես անպատկերացնելի է, թե պահեստազորայիններն ինչպե՞ս կարող են ենթակառուցվածքները պաշտպանել ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումներից, եթե այդ գործառույթը վերապահված է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերին:
Ռուսաստանում օրենսդրական փոփոխությունները վկայում են, որ փաստացի հայտարարվում է զորահավաք, ստեղծվում են պարեկախմբեր, որ, ամենայն հավանականությամբ, պետք է հսկեն խոշոր քաղաքների անցուդարձը և հերթապահել էներգետիկ ենթակառուցվածքների և կոմունիկացիոն հանգույցների շուրջ:
Հատկապես վերջին մեկ-երկու ամիսներին ռուսաստանյան լրատվամիջոցները հաճախակի տեղեկություններ են հայտնում այս կամ այն քաղաքում և երկաթուղային հանգույցներում տեղի ունեցած պատահարների, ինչպես նաև «դիվերսիա նախապատրաստող» անձանց ձերբակալությունների մասին: Օրենսդրական փոփոխությունները, հավանաբար, կկիրառվեն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:
Այդ քայլերը վկայում են, որ Ռուսաստանը տեսանելի ապագայում պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի և նախապատրաստվում է խոր և տևական պաշտպանության: Ուշագրավ է, որ ՌԴ նախագահը «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների նախատեսող օրենքն ստորագրել է մեկ օր հետո, երբ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հեռահար հրթիռների նոր խմբաքանակ է մատակարարել Ուկրաինային:
Փաստացի ՌԴ եվրոպական մասի ոչ մի էներգետիկ կամ տրանսպորտային հանգույց ուկրաինական հարձակումներից ապահովագրված չէ: Կիևի միակ հնարավորությունը Ռուսաստանի ենթակառուցվածքներին ավելի մեծ վնասներ հասցնելու միջոցով հրադադարի հաստատման հասնելն է:
Մոսկվան, կարծես, ընդունում է «հրթիռային պատերազմի» մարտահրավերը: Իսկ դա նշանակում է նոր սրացում, ավելի մեծ չափերի ավերածություններ և, իհարկե, կողմերի դիրքորոշումների ներհակության խորացում:






Բաց մի թողեք
Քաղաքական դաշինք` դե-ֆակտո ձևավորվել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Ղազախստանի միջև
Ստեփանակերտի «ձկան լռությունը» երբ «պայթի», կամ՝ կպայթի արդյոք երբևէ
Հայաստանի 71 համայնքներից 37-ը ղեկավարում են ՔՊ-ականներ, 12-ը՝ այլ կուսակցություններից․ ովքեր են նրանք