08/11/2025

Փաշինյանը փորձագետ է օդում, ջրում եւ ցամաքում, բայց նա, անշուշտ, միամիտ չէ

Ժամանակակից աշխարհում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, քրեական, ողբերգական, անվտանգային եւ այլ մտահոգիչ երեւույթների մասին լրատվության պակաս չկա: Եվ դրանք, ցավալիորեն, տիրաժավորվում են նաեւ հենց «վատ լուրը լավ լուր» է «շեշտադրումներով», իսկ մեր դեպքում, որ առավել վտանգավոր է, նախկին լրագրող, վարչապետի աթոռը «զավթած» Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ եւ կատարմամբ:

Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ Փաշինյանը կարող է լավագույնս տեղեկացված լինել այս լրագրողական փիլիսոփայությանն ու հնարքներին, մարդ, որը, կամա-ակամա, վերջին 7 տարիներին դարձել է հայաստանյան իրականության թիվ 1 Newsmaker-ը, ասել է թե՝ լուր, օրակարգ ստեղծողը-սահմանողը:

Իմիջմեյքերի եւ լրաստեղծի «հակադրությունում», պարզ է, չէ՞, որ Փաշինյանն առավելապես «հաջողակ» է Օրվա թեման, Օրվա Լուրը հրապարակ նետելու հարցում: Նա սկանդալային լուրերի ստեղծման հարցում անմրցելի է․ դեռ ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ անդրադառնալով 2008-ի մարտիմեկյան իրադարձություններին՝ նա անկեղծորեն խոստովանեց. «Ես հպարտ եմ, որ քաղաքացիների դիմադրությունն եմ կազմակերպել, պատիվ ունեմ հետագայում նույնպես նման գործունեություն ծավալել եւ էսօրվա իմ գործունեությունը համարում եմ դրան ուղղված գործողություն։ Էն դերակատարումը, որ մարտի 1-ին ունեցել եմ, դա իմ կյանքի ամենամեծ հպարտությունն է»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 2008թ․ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով, իսկ իր իշխանության գալուց հետո՝ արդարացվել։ Այդ օրը դիմելով Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված բազմությանը՝ նա ասում էր․ «Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում՝ ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար՝ կլինի փայտ, կլինի քար կամ չգիտեմ ինչ»։ Այնուհետ հավելում էր․ «Չեք պատկերացնում, տղերք, հոգիս ոնց էր փառավորվում, երբ իմացա, որ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք խլել»։

Ավելի ուշ, Արցախը թշնամուն հանձնած Փաշինյանը հայտարարեց, թե չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում: Հայաստանին, Արցախին եւ բովանդակ հայությանը մինչեւ այսօր սպառնացող գոյաբանական մարտահրավերների, մեզ համար անընդունելի եւ ցավալի որոշումներն էլ ՀՀ վարչապետի աթոռին նստածը ներկայացնում է այնպիսի խրոխտ ու հաղթական տոնով, այնպիսի անթաքույց բերկրանքով, ասես եզակի շանս ու նվաճում են, որի մետաստազները հասնում են հարեւան ու ոչ բարեկամ Ադրբեջան՝ ողողելով այդ երկրի իշխանական, փորձագիտական եւ լրատվական դաշտերը:

Ինչ-որ առումով, Նիկոլը հավակնում է նաեւ իրեն մեծապես սատարող Բաքվում դառնալ «լրաստեղծ» ֆիգուր՝ թեկուզ ավելի նվազ նշանակությամբ: Ի դեպ, փաշինյանական վարքագծի եւ «վատ լուրը լավի տեղ մեզ վրա վաճառելու» նրա հնարքներն ակնհայտ են ամենուր․ հայկական ավանդական կոնյակի՝ «հայկական չլինելու», չայի ջրով գունավորված յաթրջի արաղի մասին նրա պնդումից մինչեւ Ղազախստանից «Վրաստանով» ՀՀ ներմուծվող հացահատիկի մասին դիֆերամբներն ուղղված են Ալիեւին, որից կանոնավորապես ստանում է իր «տնային առաջադրանքները»:

Փաշինյանը փորձագետ է օդում, ջրում եւ ցամաքում: Բայց նա, անշուշտ, միամիտ չէ. Նիկոլը ժամանակին հասկացավ, որ իր ընտանիքի անդամներին, հատկապես՝ երեխաներին, պետք է հեռացնել մեդիայի տեսադաշտից, խոշոր պլանից տանելով ետին պլան: Եվ հիմա նրա երեխաներն այլեւս ստատուսներով չեն պատասխանում ընդդիմադիր գործիչներին, հարցազրույցներ չեն տալիս, ակտիվ չեն, եւ հանրությունն ու մամուլն էլ նրանց շատ չի «նկատում»:

Բայց Փաշինյանի յուրաքանչյուր քայլը հաշվարկված է, յուրաքանչյուր խոսքը, ակտը՝ նույնպես, ընդհուպ ՀԱԵ-ի եւ մեր հոգեւոր հայրերի դեմ՝ այս օրերի համար անառարկելիորեն թիվ մեկ խնդրահարույց ու դատապարտելի արշավը: Եվ, այո, նա ոչ թե «ազգակործան պատուհաս է», ինչպես բնորոշել է նրա երբեմնի «գաղափարաքաղաքական կնքահայր», ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ պետականաքանդ մեկը, որովհետեւ սկսեց սիրուց եւ հանդուրժողականությունից, բայց կարճ ժամանակ հետո անցավ Արցախի, արցախցիների եւ հայ ժողովրդի դեմ ատելության «արշավին»՝ հընթացս ձեւակերպելով «Իրական Հայաստան», «Չորրորդ հանրապետություն» ու նման զառանցագին եւ բովանդակազուրկ այլ կոնցեպցիաներ՝ իբրեւ պետության կազմաքանդման հիմք եւ ծրագիր: