07/11/2025

Ընդդեմ Եվրամիության, ինչո՞ւ է միջոց ընտրվել Զապորոժիեի ԱԷԿ-ը պայթեցնելու սպառնալիքը

Արևմտյան երկրները քննարկում են Զապորոժիեի ԱԷԿ-ուի միջուկային ռեակտորների ակտիվ գոտին հալեցնելու միջոցով դիվերսիա կազմակերպելու տարբերակը, որպեսզի աղետի համար պատասխանատվությունը բարդեն Ռուսաստանի վրա:

Այս սենսացիոն տեղեկությունը ոչ թե «դեղին մամուլն» է հրապարակել, այլ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, որ տարածել են ռուսաստանյան պետական լրատվամիջոցները:

Սերգեյ Նարիշկինի գլխավորած հատուկ ծառայությունում «տեղեկացել են, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները Կիևին հորդորում են ուկրաինական հակամարտության ոչ բարենպաստ ֆոնը և արևմտյան հանրային կարծիքը վերափոխելու միջոցներ գտնել և այդ նպատակին հասնելու առավել արդյունավետ միջոց է առաջարկվում ուկրաինացիների և եվրոպական երկրների խաղաղ բնակչության շրջանում զոհերի գնով խոշոր դիվերսիայի կազմակերպումը, այդ թվում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում»:

ՌԴ ԱՀԾ-ին «հայտնի է դարձել, որ բրիտանական ազդեցիկ Chatem House-ում արդեն հաշվարկել են նման վթարի հետևանքները, համակարգչային մոդելավորման արդյունքները ցույց են տալիս, որ, հաշվի առնելով օդային հոսանքների շարժը, ռադիոակտիվ մասնիկների տարածման տիրույթում կհայտնվեն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ նրան արևմուտքից սահմանակից ԵՄ անդամ երկրների բնակիչները»:

Միջուկային փորձարկումները վերսկսելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների և արդեն տրված կոնկրետ հանձնարարականների ֆոնին ԱՀԾ մամուլի բյուրոյի տարածած հաղորդագրությունը չարագուշակ տպավորություն է թողնում:

Զապորոժիեի ԱԷԿ-ն ավելի քան երեքուկես տարի է, վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Նույնիսկ տեսականորեն է բացառված, որ անգամ ցանկության դեպքում Ուկրաինան կարող է այնտեղ նման ծավալի դիվերսիա իրականացնել:

Նարիշկինի «կոնտորայի» հաղորդագրության քարոզչական նպատակն ակնհայտ է. Արևելյան Եվրոպայում սարսափ տարածել, որ Զելենսկու «ֆաշիստական վարչախումբը պատրաստվում է պայթեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ը»:

Ռուսաստանի ԱՀԾ-ում, երևի, հաշվարկել են, որ Ուկրաինային սահմանակից եվրոպական երկրներում հանրային հուզումներ կսկսվեն, իսկ այդ դեպքում իշխանությունները հարկադրված կլինեն հրաժարվել Կիևին աջակցությունից:

Չափազանց արտառոց է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում «դիվերսիայից» ենթադրաբար ռադիոակտիվ ճառագայթման գոտին ներկայացված է այնպես, որ Ռուսաստանի սահմանակից տարածքները, կարծես, ապահովագրված են: Նարիշկինի հիմնարկում, երևի, համոզված են, որ աղետի դեպքում օդային հոսանքները շարժվելու են բացառապես դեպի արևմուտք, հակառակ ուղղությամբ ռադիացիա չի տարածվելու:

Այդուհանդերձ, ՌԴ ԱՀԾ-ն չէր կարող առանց Վլադիմիր Պուտինի «օրհնության» նման տեղեկատվություն տարածել: Խնդիր է, թե դրանով ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանի նախագահը: Եվրամության երկրներին սպառնո՞ւմ է միջուկային ապոկալիպսիսով, թե՞ դիվանագիտական երկխոսության առաջարկություն է անում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության հետ կապված հույսերը, երևում է, չեն արդարանում կամ լիովին չեն արդարանում: Պուտինն ավելի քան երեք տարի է, եվրոպական առաջնորդներին բացարձակապես անտեսում է: Այդ դեմարշը նույնպես նրան շոշափելի դիվիդենտներ չի բերում:

Բայց եթե Եվրամիության կամ եվրոպական «եռյակի» հետ քննարկումներ սկսելու անհրաժեշտություն կա, ինչո՞ւ է միջոց ընտրվել ԱԷԿ պայթեցնելու սպառնալիքը: