08/11/2025

Հայաստանին նոր մարտահրավերներ առաջադրել կստացվի Իվանիշվիլիին ու Պուտինին

Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել տասներկուսուկես տարվա բանտային պատիժ կրող նախկին նախագահ Միխաեիլ Սաակաշվիլիի և ընդդիմության ևս մի քանի ազդեցիկ ներկայացուցիչների, այդ թվում «Ռազմավարություն շինարար» նախաձեռնության ղեկաբար Գեորգի Վաշաձեի, «Հանուն փոփոխությունների» շարժման համանախագահներ Նիկա Ղվարամիայի և Նիկոնոր Մելիայի, «Դրոա», «Գիրչի» և «Լելո» կուսակցությունների առաջնորդներ Էլենե Խոշտարիայի, Զուրաբ Ջաֆարիձեի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ:

Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության, նրանք մեղադրվում են «հակապետական սաբոտաժի, թշնամական գործողություններում այլ երկրի օգնություն ցուցաբերելու, հակապետական գործունեություն ֆինանսավորելու և սահմանադրական իշխանությունը բռնությամբ տապալելու փորձի մեջ»:

Գլխավոր դատախազ Գեորգի Ղվարիկաձեն մամուլի ներկայացուցիչներին ասել է, որ երբ 2022թ.-ին Վրաստանը «Ռուսաստանի հետ ռազմական առճակատումից խուսափելու համար չի միացել Արևմուտքի սահմանած հակառուսաստանյան պատժամիջոցներին, մեղադրյալներն արեւմտյան երկրներին ռուս-վրացական տնտեսական կոոպերացիայի և իրանական անօդաչուների տարանցման մասին տեղեկություններ են փոխանցել, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի ավելի քան երեք հարյուր վրացի պաշտոնյաների նկատմամբ սահմանափակումներ կիրառվեն»:

Այդ մեղադրանքը նախատեսում է կամ 10-15 տարվա, կամ ցմահ ազատազրկում: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին օրերս հայտնել է, որ մի շարք կուսակցությունների գործունեությունը կասեցնելու հայցով դիմել է Սահմանադրական դատարանին: Նա հույս է հայտնել, որ թեև օրենքը նման հայցի քննարման իննամսյա ժամկետ է սահմանում, բայց այս դեպքում «որոշում կընդունվի սեղմ ժամկետներում»:

Հայցը վերաբերում է «Միասնական ազգային շարժում» և «Լելո» կուսակցություններին ու «Հանուն փոփոխությունների» դաշինքին: Հարուցված նոր քրեական գործով մեղադրանք առաջադրվել է հենց այդ քաղաքական ուժերի առաջնորդներին:

Ակնհայտ է, որ քրեական գործ է հարուցվել, որպեսզի Սահմանադրական դատարանը նշված քաղաքական ուժերի գործունեությունը կասեցնելու լրացուցիչ հիմք ունենա, բայց խնդիրը դրանով չի սպառվում: «Վրացական երազանքը» մտադիր է սկզբունքային քաղաքական գնահատական տալ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի պաշտոնավարությանը:

Ըստ տեղեկությունների, Սահմանադրական դատատարանի որոշմանը «կհաջորդի խորհրդարանի հայտարարությունը, որով Սաակաշվիլին կմեղադրվի Արեւմուտքի դրդմամբ 2008թ.-ին Ռուսաստանի դեմ պատերազմ հրահրելու և Աբխազիան ու Հարավային Օսեթիան փոստացի կորցնելու» մեջ:

Վրացական ընդդիմությունը համոզված է, որ Սահմանադրական դատարանի վճիռը և «Վրացական երազանքի» քաղաքական հայտարարությունը «կլեգիտիմացնեն Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիան, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օկուպացիան, որից հետո Մոսկվան այդ տարածքները կենթարկի պարզ անեքսիայի»:

Այդ ճակատագրական հարցում որքա՞ն հեռու կգնա «Վրացական երազանքը», կանխատեսել դժվար է: Ակնհայտ է, սակայն, որ եթե վրացական ընդդիմության կանխատեսումներն իրականության դառնան, ապա Հարավային Կովկասում կձեւավորվի սկզբունքորեն այլ աշխարհաքաղաքական դասավորություն:

Այն կարող է Հայաստանին նոր մարտահրավերներ առաջադրել: