08/11/2025

Հափշտակել են համայնքի շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքներ, կատարել խոշոր փողերի լվացում. 7 անձ ձերբակալվել է

Ինչպես հայտնել ենք, ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել մեղադրանքից՝ նշելով, որ խոսքը առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մասին է:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք:

Մասնավորապես նախաքննության ընթացքում պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն, ունենալով մտերիմ հարաբերություններ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի, ինչպես նաև մի քանի ընկերությունների փաստացի սեփականատեր Գ.Ա.-ի հետ, Երևան քաղաքում գտնվող 40 հա, 19,3 հա և 14,5 հա մակերեսով հողամասերը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ Երևան համայնքի գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերելու, դրանք որպես սեփականություն Հ.Մ.-ին փոխկապակցված ֆիզիկական ու իրավաբանական անձանց անուններով ձևակերպելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն:

Հանցավոր կազմակերպության անդամները նշված անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են տարբեր առևտրային բանկերում՝ ստանալով 10 մլն և ավելի ԱՄՆ դոլարի վարկեր:

Այնուհետև Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պաշտոնեական կեղծիք և խարդախություն կատարելով, ապահովել է հանցավոր կազմակերպության մյուս ղեկավարներին և մասնակիցներին Երևան համայնքին պատկանող մի շարք հողատարածքների՝ սեփականության իրավունքի կեղծ վկայականների տրամադրումը՝ հետագայում մի շարք ձևական քաղաքացիաիրավական գործարքների միջոցով նշված անձանց կողմից փողերի լվացում կատարելու նպատակով:

Իրենց հերթին հանցավոր կազմակերպության մասնակիցները, գիտակցելով, որ վերը նշված հողատարածքները ձեռք են բերվել մի շարք հանցանքների կատարման արդյունքում, և դրանք ունեն հանցավոր ծագում, ի կատարումն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից տրված հանձնարարականների՝ ձեռնամուխ են եղել հանցավոր կազմակերպության վերջնական նպատակին հասնելուն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը: Վերջիններիս բնակարաններում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ:

6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 4 անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 1 անձի նկատմամբ՝ 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

12 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

7 անձ ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Նշենք՝ ձերբակալվածներից մեկը հենց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է: