08/11/2025

Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկել է հրադադարի համաձայնագիր, որը նախատեսում էր հրադադար՝ առանց հայկական զինված ուժերի դուրսբերման շփման գծից։

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի նկարահանած վավերագրական ֆիլմում։

Լավրովի առաջարկած փաստաթղթով՝ շփման գծի արևելյան հատվածում պետք է տեղակայվեին ռուս խաղաղապահներն ադրբեջանական զինված ուժերի հետ միասին, իսկ արևմտյան հատվածում՝ կրկին ռուս խաղաղապահներն ու հայկական զինված ուժերը: Ըստ Բայրամովի՝ առաջարկն արվել է հոկտեմբերի 9-ին, իսկ հրադադարի պայմանավորվածությունը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 9-ից։

Հիշեցնենք՝ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այդ հայտարարությամբ Արցախի մի մասը (առանց Շուշիի և Հադրութի) մնում էր ՀՀ ենթակայության տակ։ Արցախը Բերձորի միջանցքով կապ ուներ Հայաստանի հետ։ Միջանցքում տեղակայվել էր ՌԴ զորախումբ։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։

Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։