19/11/2025

Ռազմիկ Մկրտչյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հասան դատարան

Դատախազը դատարան է հանձնել Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Ռազմիկ Մկրտչյանը, Տաթեւիկ անունով մի կին։

Հիշեցնենք, որ նախկին թաղապետը ձերբակալվել էր ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու համար:

Ռազմիկ Մկրտչյանը եւս այդ խորհրդի կազմում էր։ Նախապատմությունն այսպիսին էր․ Տիգրան Մակարյանը քննադատել էր Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը եւ առաջարկել ՔՊ նիստի ժամանակ քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չէր եկել Մկրտչյանին: Մակարյանին կանչել էին իրենց ընկերուհու տուն եւ խմբով ծեծի ենթարկել, որին մասնակցել էր նաեւ թաղապետը։ Դեպքի մասին տեղեկացել էր վարչապետը եւ կարգադրել պատժել բռնություն գործադրած թաղապետին։

Ի դեպ, ՔՊ-ական Տիգրան Մակարյանը բարձր պաշտոն է զբաղեցնում էկոնոմիկայի նախարարությունում․ նախարարության զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի պետն է։

Մկրտչյանը որոշ ժամանակ բանտային կալանքի տակ էր, հետո` ազատ արձակվեց, մեկ ամիս առաջ էլ նա հայտնեց, որ լքում է ՔՊ-ն։