Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը պատրաստվում է այցելել Իմրալի կղզի և հանդիպում ունենալ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ, որ ուժեղացված ռեժիմի բանտում ցմահ ազատազրկման պատիժ է կրում:
Այդ որոշումն ընդունվել է խորհրդարանի այսպես կոչված՝ «Ազգային հաշտության» հանձնաժողովի եզրափակիչ նիստում: Պատվիրակության կազմում ընդգրկված են իշխող «Արդարություն և զարգացում», քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» և «Ազգայնական շարժում» կուսակցություններից խորհրդարանի պատգամավորներ:
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» հրաժարվել է Օջալանի հետ հանդիպումից:
Իշխանամետ Turkiye պարբերականի տեղեկություններով, պատգամավորների Իմրալի կղզի այցը կազմակերպում, նրանց անվտանգությունն ապահովում և Օջալանի հետ «բանավեճի» գաղտնիությունն ապահովելու է MIT-ը, իսկ «իրավական ընթացակարգը կսահմանի արդարադատության նախարարությունը»:
Կա որոշում, որ Օջալանի հետ քննարկումները կձայնագրվեն և կտեսանկարահանվեն, կարվեն լուսանկարներ, բայց դրանք չեն հանրայնացվի:
Թուրքական պարբերականին խորհրդարանական աղբյուրներից հայտնի է դարձել, որ պատգամավորական պատվիրակությունը ՔԲԿ առաջնորդին կուղղի հիմնականում մեկ հարց, «Կուսակցությունը լուծարելու և զինված պայքարին վերջ տալու մասին դեռևս այս տարվա փետրվարին հրապարակված նրա կոչը տարածվում է նաև Սիրիայի հյուսիս-արևելքում գործող քրդական ինքնապաշտպանական ուժերի վրա՞»:
Հռչակելով «Թուրքիան առանց ահաբեկչության» քաղաքական ուղեգիծ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է բարդ իրավիճակում: Մի կողմից ստույգ չէ, թե թուրքական հանրությունն իրականում ինչպես է ընդունում քրդերի հետ պատմական հաշտությունը, մյուս կողմից Թուրքիայից հեռացող քրդական զինված կազմավորումները կենտրոնանում են Իրաքի հյուսիսային շրջաններում, իսկ Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական փաստացի ինքնավարությունը հրաժարվում է զինաթափվելու առաջարկից:
Սիրիայի քրդերը համաձայն են զինված ուժերով ներգրավվել երկրի զինված ուժերում՝ պահպանելով իրենց ինքնուրույնությունը:
Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը, որքանով հասկացվում է մամուլի ակնարկներից, քննարկել է Օջալանին ներում շնորհելու կամ նրա պատժի կրման պայմանները փոխելու հարցը: Ենթադրվում է, որ նրան կարող են «տնային կալանք սահմանել և թույլատրել, որ հեռավար քաղաքական գործունեություն իրականացնի»:
Ըստ երևույթին, Էրդողանը գործարք է առաջարկում. եթե Օջալանին հաջողվի հնազանդեցնել Սիրիայի քրդերին, ապա նա նոր կուսակցություն հիմնադրելու և Թուրքիայի քրդերի շահերը քաղաքական գործունեությամբ ներկայացնելու հնարավորություն կստանա:
Եթե Օջալանը չհամաձայնի, իսկ Էրդողանը նրան քաղաքական ազատ գործունեության իրավունք չշնորհի, ապա «Թուրքիան առանց ահաբեկչության» ծրագիրը կմատնվի լրջագույն փորձության: Ստացվում է, որ Էրդողանի քաղաքական նախագծի ճակատագիրը կախված է նրա կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանի որոշումից: Քրդերի հետ «պատմական հաշտության» նախագիծը Թուրքիայի համար ավելի շատ արտաքին քաղաքական նշանակություն ունի:
Հաջողության դեպքում Էրդողանը միջազգային հանրությանը կներկայանա որպես «մեծ ժողովրդավար և միջէթնիկական համերաշխության ճարտարապետ»:
Օջալանը «կփրկի՞» Էրդողանին, թե՞ ոչ, պարզ կլինի առաջիկայում: Իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ Թուրքիայի ներքին վերափոխումները կամ դրանց ձախողումն, անկասկած, իրենց ազդեցությունն են թողնելու նաև հայ-թուրքական կարգավորման վրա:






Բաց մի թողեք
Մեհթիևը «Մոսկվա է ուղարկել Ադրբեջանում իշխանափոխության ծրագիրը»
Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի կողմից որքանո՞վ պահանջված կլինի
Իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա