13/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

«Միասնաբար պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի արդյունքները»

ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների հեռախոսազրույցը, որի մասին չինական կողմի տարածած հաղորդագրությունը չափազանց ժլատ է, բայց մի չափազանց տարողունակ արձանագրում ունի:

Սի Ծինփինը Դոնալդ Թրամփին առաջարկել է «միասնաբար պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի արդյունքները»:

Եթե Չինաստանի առաջնորդը նկատի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Ճապոնիայի դեմ հաղթանակը, ապա դրա քաղաքական հիմքերը դրվել են 1945թ. հուլիսի 26-ին, երբ ԱՄՆ նախագահ Տրումենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը և Չինաստանի Ազգային կառավարության նախագահ Չան Կայշին Պոտսդամում ձեւակերպել են Ճապոնիայի անվերապահ կապիտուլյացի պահանջը:

Անուրանալի փաստ է, սակայն, որ Ճապոնիայի դեմ պատերազմին եթե ոչ որոշիչ, ապա առնվազն նշանակալի ներդրում է ունեցել նաև Խորհրդային Միությունը, որի իրավահաջորդն Ռուսաստանն է, որ սեպտեմբերի 3-ին մեծ շուքով նշել է «միլիտարիստական Ճապոնիայի դեմ հաղթանակի 80-ամյակը:

Իսկ առհասարակ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրներ պաշտոնապես ճանաչված են ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը:

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հայտարարությունը պատմա-քաղաքական այս իրողությունը վերանայելու առաջարկությո՞ւն է: Այսօրվա աշխարհում, իհարկե, Չինաստանը երկրորդ գերտերությունն է, բայց ՄԱԿ-ի մշտական անդամ և միջուկային տերություն են նաև Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

Մի շարք մեկնաբաններ Սի Ծինփինի այդ գաղափարը դիտարկում են Ճապոնիայի վարչապետ Սանաեի հայտարարության համատեքստում: Վերջինս, որ պաշտոնը նոր է ստանձնել, ակնհայտ անզգուշություն է դրսևորել և ասել, որ ռազմական լարվածության դեպքում Տոկիոն «կսատարի Թայվանին»:

Չինաստանի առաջնորդը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի արդյունքները Միացյալ Նահանգների հետ միասնաբար պաշտպանելու գաղափարը ձևակերպել է տարածաշրջանայի՞ն, թե՞ աշխարհաքաղաքական կտրվածքով: Չինաստանը ՄԱԿ-ի հիմնադիր պետություն է և ճանաչվել է տարածքային այն ամբողջականությամբ, որի վերականգնմանը ձգտում է Սի Ծինփինը:

Այս առումով ԱՄՆ նախագահին նրա առաջարկությունը կարելի է հասկանալ այնպես, որ Թայվանի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը հակասում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի միջազգայնորեն ճանաչված արդյունքներին:

Չինաստանի առաջնորդի խնդիրն, ըստ երևույթին, այն է, որ Ուկրաինայի հարցում աջակցելով Ռուսաստանին, Թայվանը կորցնելու նախադրյալ է ստեղծում, որովհետև եթե Դոնբասը և Ղրիմը կամ առհասարակ «Նովոռուսիան», ինչպես Պուտինն է պնդում, ունեն ինքնորոշման իրավունք, ապա Թայվանը և Հոնկոնգը փաստացի անկախ և միջազգայնորեն մասնակի ճանաչված են:

Եվ այդ «երկրները» Չինաստանին միավորելու մոտիվացիա ոչ միայն Դոնալդ Թրամփը, այլև ԱՄՆ ցանկացած նախագահ սկզբունքորեն չունի, ինչպես նաև՝ Եվրամիությունը և Ճապոնիան: Թե ինչպե՞ս կարող են ԱՄՆ-ը և Չինաստանը միասնաբար պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի արդյունքները, նույնիսկ կռահել դժվար է:

Եթե, իհարկե, Սի Ծինփինի ասածը չի վերաբերում ամերիկա-չինական համաշխարհային «վերաբաժանմանը», որտեղ Ռուսաստանին կվերապահվի «նետտո-բրուտոյի» նշանակություն: