12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ռուսաստանն ընտրում է պատերազմի «վակխանալիայի» երկարաձգումը

Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը «վակխանալիա» է անվանել ուկրաինական կարգավորման «ամերիկյան ծրագրի» շուրջ տեղեկատվական իրարամերժ հոսքերը:

Այդուհանդերձ, նա ոչ հաստատել, ոչ հերքել է ամերիկյան մամուլի տեղեկությունը, որ նոյեմբերի 24-ին ԱՄՆ նախագահի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ գեներալ Դրիսկոլը հանդիպել է Ռուսաստանի պատվիրակության հետ և «բանակցություններն արդեն ընթանում են»:

Պեսկովն ասել է, որ Մոսկվայում ուշադիր հետևում են ռուս-ամերիկյան «բանակցությունների մասին մամուլի հրապարակումներին»:

Այս ֆոնին ամերիկյան ABC News-ը հայտնում է, որ ամերիկյան ծրագրի «լրամշակված տարբերակից դուրս է բերվել Ուկրաինայի Զինված ուժերի կրճատման, ինչպես նաև հակամարտության մասնակիցներին համաներում շնորհելու մասին դրույթը»:

Politico-ն իր հերթին տեղեկացրել է, որ ծրագրի 28 կետերից «համաձայնեցված տարբերակում մնացել է 19-ը»: Ընդ որում, «տարածքային հարցերը փաստաթղթից դուրս են բերվել»: Bloomberg-ը փոխանցել է ռուսաստանցի մի պաշտոնյայի տեսակետը, ըստ որի «լրամշակված տարբերակը կատարյալ ձախողում է»:

Արևմտյան մամուլում ուշագրավ տեղեկություն է հայտնվել, ըստ որի՝ նախագահի գրասենյակի ղեկավար Երմակը, ով Ժնևում գլխավորել է ուկրաինական պատվիրակությունը և տասնհինգ րոպեանոց առանձնազրույց ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ, «կարողացել է Զելենսկուն համոզել, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում չխնդրի»:

Երմակն, ըստ աղբյուրների, զգուշացել է, որ Թրամփ-Զելենսկի հանդիպումը «կարող է ևս մեկ անգամ զայրացնել ԱՄՆ նախագահին»: Այդ դեպքում, ինչպես համոզված է նա, Ժնևում ամերիկյան պատվիրակության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները «կչեղարկվեն»:

ԱՄՆ-Ուկրաինա և ԱՄՆ-Եվրամիություն բանակցությունների արդյունքում «լրամշակված նախագծի» վերաբերյալ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Մոսկվան «դեռևս որևէ նորություն չի ստացել», բայց ավելացրել է, որ Ռուսաստանը «ցանկանում է իր նպատակներին հասնել դիվանագիտական-քաղաքական ճանապարհով»,- ինչից պարզ հասկացվում է, որ Վլադիմիր Պուտինը, համենայնդեպս, իրազեկված է նախնական փաստաթղթում «կատարված փոփոխություններից» և դրանք չի ընդունում:

Իրավիճակն իրոք նման է «վակխանալիայի», եթե, մանավանդ, հաշվի առնենք, որ պատերազմ սանձազերծած և քաղաքական քննարկումներից առաջ հրադադարը մերժող Ռուսաստանը չորրորդ տարին է, ինչ որևէ կերպ հստակ չի ձևակերպում «կապիտուլյացիայի պայմանները»:

Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ ռազմաճակատում ունեցած նախաձեռնողականությունը «լիովին ձեռնտու» է, կարծես թե վկայում է ռազմական գործողությունները շարունակելու նրա մտադրությունը:

Թրամփի նախաձեռնությունը, հավանաբար, իրական հաջողությամբ չի պսակվի:

Ուկրաինայում պատերազմի հավանական ավարտի ժամկետ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կանխատեսել է 2026 թվականի տարեվերջը: Եվրոպացիներն, իհարկե, Ուկրաինային աջակցում են, բայց պատերազմի ծանրությունը նրա ժողովրդի ուսերին է:

Նոյեմբերի լույս 25-ի գիշերը Կիևը, ուկրաինական տասնյակ քաղաքներ դարձյալ բարբարոսական հրթիռակոծության են ենթարկվել: Ռուսաստանն ընտրում է պատերազմի «վակխանալիայի» երկարաձգումը: