Փաշինյանը հերթական թատրոնն է բեմականացրել՝ իր եւ իր ենթակա Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ, որին ապօրինաբար նշանակել է ՀԷՑ կառավարիչ: Նրա նպատակը ՀԷՑ-ը սեփականատիրոջից` Սամվել Կարապետյանից խլելն է:
Հրապարակ թերթը գրել է․ Որեւէ ապրանք խլել ասելով հասկանում ենք այդ ապրանքը սեփականատիրոջից ստիպողաբար վերցնելը, ապրանքի արժեքը նվազեցնելը՝ քիչ կամ ընդհանրապես չվճարելով դրա համար: Հիմա մենք գործ ունենք կոմբինացված տարբերակի հետ. Փաշինյանը կալանավորել է ՀԷՑ սեփականատիրոջը, նրան զրկելով իր սեփականությունը պաշտպանելու իրավունքից, այդ սեփականությունը կառավարելու համար նշանակել է իր ենթականերից մեկին եւ նրա հետ քննարկում է՝ ինչպես տնօրինել ուրիշի սեփականությունը:
Փաշինյանի համար իդեալականն այն կլիներ, որ կարողանար հայտարարել, թե պետականացնում-ազգայնացնում է ՀԷՑ-ը, Սամվել Կարապետյանին դրա դիմաց ոչինչ չի տալիս, որովհետեւ նրան չի հասնում ոչ մի փոխհատուցում: Բայց նման բան անելու համար Փաշինյանին ինչ-որ հիմնավորում է պետք: Պետք է «քցոցիի» համար հիմք սարքել-հորինել, ի վերջո՝ աշխարհում միջազգային արբիտրաժային դատարան, միջազգային տնտեսական իրավունք կա, Կարապետյանը նույնիսկ բանտում գտնվելով՝ իր ներկայացուցիչների միջոցով կարող է պաշտպանել իր իրավունքները: Կա նաեւ այլ հանգամանք. Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, նրա ունեցվածքը, սեփականությունը նաեւ Ռուսաստանի սեփականությունն է, եթե Փաշինյանը «քցում» է Կարապետյանին, ստացվում է, որ «քցում» է Ռուսաստանին, Կարապետյանը ՀԷՑ-ը գնել է Ռուսաստանում աշխատած կապիտալով: Պարզ է, որ ինքը դրանով կատարում է հավաքական Արեւմուտքի հրահանգը` ամեն ռուսական պետք է խլել, Ռուսաստանին պետք է ունեզրկել, այնտեղ էլ ուզում են Ռուսաստանի հաշիվներում եղած գումարները յուրացնել, բայց առայժմ չեն համարձակվում, ի վերջո՝ Ռուսաստանը կարող է մի օր հաշիվ պահանջել իր սեփականությունը խլելու համար. դրան դեռ կանդրադառնանք:
Փաշինյանը ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված իր ենթակային ասում է, որ կա ՀԷՑ-ի հետ կապված երկու տարբերակ. առաջին` ՀԷՑ-ը պետականացվում է եւ հանձնվում է հավատարմագրային կառավարման, բայց դրա համար պետական բյուջեից գումար պետք է վճարվի սեփականատիրոջը։ Մյուսը` գտնում են ՀԷՑ-ի նոր գնորդ, վաճառում են, եւ նոր սեփականատերն է կառավարում ընկերությունը: Եթե չկա որոշում, թե ինչ են անելու, ի՞նչ իմաստ ուներ այդ թատրոնը, եթե մինչեւ հիմա չգիտեն՝ բյուջեում փող կա, թե չկա` ՀԷՑ-ի դիմաց փոխհատուցում վճարելու համար, ինչի՞ համար էր այդ ամբողջ բեմականացումը: Պատասխանը միանշանակ է. Փաշինյանը, լինելով շուստրի գեղցի, ուզում է գին գցել, ուզում է ասել` մենք ՀԷՑ-ի դիմաց փոխհատուցում կտանք, բայց ոչ դրա իրական գնին համարժեք, կտանք այնքան, որքան հարկ կհամարենք: Ստացվում է, որ Փաշինյանն ինքն է որոշելու, թե ինչ գնով է Կարապետյանից խլելու ՀԷՑ-ը։ Սա նույնն է, որ դուք գնաք ավտոշուկա եւ ոչ թե մեքենայի սեփականատիրոջից գին հարցնեք, թե որքանով է այն վաճառում, այլ գրպանից հանեք մի 100 հազար դրամ, տաք սեփականատիրոջը եւ ասեք, որ նրա մեքենան այլեւս ձերն է: Սեփականատերը չի կարող ընդդիմանալ, քանի որ դուք մինչ այդ հասցրել եք կապել նրա ձեռքերն ու ոտքերը, ՀԷՑ-ի դեպքում՝ նախօրոք կալանավորել եք:
Փաշինյանն այդ ամբողջ թատրոնը բեմականացրել էր, որ ասի, թե ինչ հիմնավորմամբ է «քցում» Կարապետյանին կամ ինչու է վճարում ավելի քիչ, քան ՀԷՑ-ի իրական արժեքն է: Փաշինյանն իր ենթակա Ռոմանոս Պետրոսյանին ասում է, որ ՀԷՑ-ի գնի մեջ էր մտնում նաեւ նրա լիցենզիան, քանի որ իր հրամանով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ին զրկել է լիցենզիայից, նշանակում է՝ լիցենզիայի գինը պետք է դուրս գա ՀԷՑ-ի գնից: Հետո Ռոմանոս Պետրոսյանն ասում է, որ ՀԷՑ-ը հավելագրումներ է արել, եւ այդ հավելագրումները հիմնականում արվել են համայնքային նշանակության կազմակերպությունների վրա` համայնքների գիշերային լուսավորություն, մանկապարտեզներ, դպրոցներ, այլ պետական կառույցներ, այդ գործերով հարուցված են տասնյակ քրեական գործեր: Պետրոսյանն ասում է, որ ՀԷՑ-ի բազմաթիվ տվյալներ անհետացել են, դրանով ուզում է հասկացնել, որ տարբեր տարիների հնարավոր հավելագրումների տվյալները ոչնչացվել են, եւ դրանք հնարավոր չէ ստույգ հաշվարկել: ՀԷՑ-ին պետք է հաշիվ ներկայացնել պետությունից տարած գումարների մասով, բայց չգիտեն, թե ոնց այդ հաշիվը ներկայացնեն, ինչ հաշիվ ներկայացնեն, ուրեմն որքան ուզեն, այնքան էլ կներկայացնեն:
Այսպիսով Փաշինյանն ուզում է «քցել» Կարապետյանին, խլել ՀԷՑ-ը, բայց դրա դիմաց քիչ գումար վճարել, հնարավոր է՝ շատ սիմվոլիկ: ՀԷՑ-ին վճարվելիք գումարից հանվելու է լիցենզիայի գումարը, փաստացի Փաշինյանն ասում է, որ ինքը լիցենզիան առանձին կծախի նոր սեփականատիրոջը, գումարից կհանվի նաեւ պետությանն իբրեւ թե տված վնասը, որի իրական չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ ՀԷՑ-ն այդ տվյալները ոչնչացրել է, նշանակում է՝ Փաշինյանն ինքը կորոշի, թե որքան վնաս է տվել ՀԷՑ-ը պետությանը, որքան գումար հավելագրել պետական կառույցների վրա, եւ այդ չափով գումար կհանի ՀԷՑ-ի գնից: Հնարավոր է մի իրավիճակ, որ Փաշինյանը հայտարարի, թե դեռ մի բան էլ Կարապետյանն է պետությանը պարտք:
Քանի դեռ դու իշխանություն ունես, կարող ես մտածել, որ քո ցանկացած գժություն հանգիստ կանցնի՝ համոզված լինելով, որ դրա համար որեւէ պատասխան չես տա: Բայց կա մի «բայց», Փաշինյանը ոտնձգություն է անում ռուսական կապիտալի նկատմամբ, կարեւոր չէ, որ դա մասնավոր սեփականություն է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե որեւէ երկիր ոտնձգություն անի «Բրիթիշ Փեթրոլիումի» կամ ամերիկյան «Կոկա կոլայի» նկատմամբ, որոշի խլել դրանք սեփականատիրոջից: Ինչո՞ւ է Փաշինյանին թվում, թե արեւմտյան սեփականությունը պաշտպանված է այդ երկրների իշխանությունների կողմից, եւ դրանց նկատմամբ որեւէ ոտնձգություն անթույլատրելի է, իսկ ռուսական կապիտալն անտերուտիրական է:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7