02/12/2025

«Միջադեպը» վկայում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են լարված մնալ

Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է ԽՍՀՄ դրոշով «երթի» կազմակերպիչներին: Ադրբեջանի ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, «նախնական քննությամբ պարզվել է, որ այդ մարդիկ այլ պետության աջակցությամբ և ուղղակի ֆինասնավորմամբ գրասենյակ են վարձակալել, գործել են որպես խումբ և պարբերական հանդիպումներ են անցկացրել»:

Հրապարակվել է ձերբակալված երկու անձի ինքնություն՝ Աբդուլլա Իբրահիմլի և Իբրահիմ Ասադլի: Նրանց բնակարաններում և «խմբի գրասենյակում անցկացված խուզարկությամբ հայտնաբերվել են կումունիստական գաղափարախոսությունը քարոզող բազմաթիվ նյութեր, դրոշներ, ծայրահեղականություն ներշնչող գրքերի օրինակներ, կոմպակտ-սկավառակներ և էլեկտրոնային այլ սարքավորումներ»:

Պաշտոնական հաղորդագրությունից դատելով, այդ անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Առայժմ պարզ չէ, թե Իբրահիմլիին, Ասադլիին և մյուսներին կոնկրետ ի՞նչ մեղադրանք է առաջադրվել: Այլ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Իբրահիմ Ասադլին մասնագիտությամբ բժիշկ-ուռուցքաբան է, սիրային կապ է ունեցել Այգյուն անունով մի կնոջ հետ, որի հետ միասին «բռնության է ենթարկել իր կնոջը, իսկ վերջինս էլ ոստիկանությանը բողոք է ներկայացրել»:

Բացառված չէ, որ «խումբը բացահայտվել է» Ասադլիի կնոջ «մատնության շնորհիվ», բայց դա արդեն երկրորդական նշանակություն ունի: Էական է, որ Բաքվում ԽՍՀՄ դրոշը բարձրացնելը կամ տանը կոմունիստական գաղափարներ քարոզող գրականություն ունենալը, համակիրների հետ այդ թեմաներով հանդիպումները գնահատվում են որպես քրեորեն հետապնդելի արարքներ: Մանավանդ որ այդ ամենը կատարվել է «այլ պետության աջակցությամբ և ուղղակի ֆինասնավորմամբ»:

Ակնարկն, անշուշտ, վերաբերում է Ռուսաստանին: Աշխարհում հազից թե այլ պետություն գտնվի, որի համար ԽՍՀՄ դրոշը և կոմունիստական գաղափարախոսությունը հարգի են այնքան, որպեսզի դրանք քարոզելու համար այլ պետության քաղաքացիների «հավաքագրման» անհրաժեշտություն ունենա:

Այս «միջադեպը» վկայում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, չնայած Պուտին-Ալիև հանդիպմանը, շարունակում են լարված մնալ:

Բաքվում հետաքննվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի դեմ քրեական գործը: Նա մեղադրվում է Ռուսաստանի «հինգերորդ զորսյուն ստեղծելու» և Մոսկվայի օգնությամբ «պետական հեղաշրջման միջոցով իշխանությունը բռնանվաճելու փորձի» մեջ: Ըստ երևույթին, Իբրահիմլին, Ասադլին և մյուսները կալանավորվել են որպես Ադրբեջանում Ռուսաստանի «հինգերորդ զորասյան զինվորներ»:

Որքանո՞վ է հիմնավոր Մեհթիևին ներկայացված մեղադրանքը կամ առարկայորեն ի՞նչ կարող էր անել «Իբրահիմլի-Ասադլի և այլք խմբակը»,-այդ մասին ադրբեջանական մամուլը որևէ տեղեկություն, անգամ վարկած չի ներկայացնում: Բացառություն է Էլդար Նամազովի վկայությունը, որ երբ Հեյդար Ալիևի «առողջական վիճակը վատթարացել է, Մեհթիևը կապվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ և հարցրել, թե այդ վիճակում ո՞րն է իր անելիքը»:

Ինչո՞ւ հատկապես այս «բացահայտումն է արվել»: Ավելի վաղ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները «պարզել են», որ Իլհամ Ալիևը «լուրջ առողջական խնդիրներ ունի»: Նույնը ասվել է նաև նրա որդու՝ կրտսեր Հեյդար Ալիևի մասին, որ իբրև, «արյան քաղցկեղից բուժում է ստանում Իսրայելում»:

Օրերս սոցիալական ցանցերում «Հայրենասեր» կեղծանունով օգտատերը դիմել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային և խնդրել, որ նա «պատվով ավարտին հասցնի երկիրը ԿԳԲ-ի գերությունից ազատելու իր սկսած գործը»: Ադրբեջանը «մտնում է իշխանության տրանզիտի փո՞ւլ»: