Խորհրդային շրջանում տարածված էր «хинди руси бхай бхай» («ռուսները և հնդիկները եղբայր են») կարգախոսը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավարտել է Հնդկաստան այցը: Դեկտեմբերի 4-ի երեկոյան նա ավելի քան երկուսուկես ժամանոց առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ:
Ըստ էության, Պուտինը Նյու Դելի է մեկնել այդ առանձնազրույցի համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պուտինը բանակցություններից հետո Մոդիին շնորհակալություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության «իրավիճակի հանդեպ ուշադրության և այն կարգավորելուն ուղղված ջանքերի համար»:
Ընդ որում՝ մինչ այդ նա ասել է, որ Հնդկաստանի վարչապետին հանգամանալի ներկայացրել է ուկրաինական ուղղությամբ իրավիճակը, միջազգային մի շարք, ներառյալ Միացյալ Նահանգները, գործընկերների հետ համատեղ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը»:
Պուտինը Նյու Դելի է մեկնել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ ավելի քան հինգ ժամ տևած բանակցությունների հաջորդ օրը և, կարելի է ենթադրել, Հնդկաստանի վարչապետին որոշակի է մանրամասնություններ է փոխանցել:
Սպիտակ տան ներկայացուցիչը Պուտին-Ուիթկոֆ բանակցությունները չի մեկնաբանել, քանի որ կողմերը պայմանավորվել են այդ մասին լռել՝ մինչև կկազմակերպվեն ամերիկյան և ուկրաինական նոր բանակցությունները:
Հավանաբար, Հնդկաստանի վարչապետին ռուս-ամերիկյան բանակցությունների մասին տեղեկատվության փոխանցումը Մոսկվան Վաշինգտոնի հետ համաձայնեցրել է: Երկու երկրների համար Հնդկաստանը չափազանց կարևոր գործընկեր է:
Հնդկաստանի վարչապետը Գլոբալ հարավի միակ առաջնորդն է, ով այցելել է Կիև: Դա, սակայն, ռուս-հնդկական հարաբերությունների վրա լուրջ ազդեցություն չի թողել: Ռուսաստանը Հնդկաստանի նավթի հիմնական մատակարարներից մեկն է, իր հերթին Նյու Դելին շահագրգռված է Մոսկվայի հետ ռազմա-տեխնոլոգիական համագործակցությամբ:
Դա, ինչպես Պուտինն է սպառազինությունների ռուս-ադրբեջանական առքուվաճառքը բնութագրել, «բիզնես է»:
Քաղաքական առումով, երևում է, Պուտին-Մոդի «բհայ-բհայը» չի ստացվել: Այլապես Ռուսաստանի նախագահը Հնդկաստանի վարչապետին «շնորհակալություն կհայտներ» ուկրաինական կարգավորման հարցում Ռուսաստանի տեսակետն առնվազն «ընկալելու համար»: Ըստ էության, Պուտինի «շնորհակալությունը» Մոդիի «անընկալունակության» արձանագրում է:
Հնդկաստանը Պակիստանի և Չինաստանի հետ տարածքային և սահմանային լուրջ խնդիրներ ունի: Միայն այդ հանգամանքը բավական է, որպեսզի վարչապետ Մոդին Ուկրաինան մասնատելու պուտինյան ծրագրին սկզբունքորեն չաջակցի: Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունները, հավանաբար, կմնան նույն՝ «բիզնես-համագործակցության» մակարդակին:
Դա Նյու-Դելիի համար հնարավորություն է, որպեսզի չբարդացնի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ առեւտրա-տնտեսական և որոշակի իմաստով նաև քաղաքական կապերը:






Բաց մի թողեք
Թուրքիան ապահովագրում է Ադրբեջանին
Ալիևի խնդիրն է, թե հակառուս-ժողովրդավար Քերիմլիին ինչպե՞ս է ներկայացնելու «Կրեմլի գործակալ»
Պատերազմը չէր լինի, եթե Կառավարության ղեկավարը խնդրո առարկա կարգավորման փաթեթին ընթացք տար