ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է եկող տարվա ազգային պաշտպանության ռազմական բյուջեն: Այն կազմում է 900 միլիարդ դոլար, որից 800 միլիոնը նախատեսվում է ծախսել «օգնություն Ուկրաինային» առանձին տողով:
Այդ մասին հաղորդում է «Գարդիանը», որի դիտարկմամբ՝ Սենատին ներկայացվող օրինագիծը «ուժեղ շեշտադրում է եվրոպական անվտանգության ապահովումը»:
Պարբերականի ներկայացմամբ, օրինագիծն «արգելում է Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատել 76 հազար զինծառայողներից ցածր մակարդակի, ինչպես նաև արգելափակում հիմնական սարքավորումների դուրսբերումը»:
Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը քվեարկությունից առաջ հայտարարել է, որ «նախագահ Թրամփը և Կոնգերսի հանրապետականներ վերականգնում են Ամերիկայի ուժը, պաշտպանում մեր հայրենիքը, աջակցում մեր դաշնակիցներին և ապահովում, որպեսզի Միացյալ Նահանգները մնա ամենահզոր և կարողունակ ռազմական ուժը, որ երբևէ աշխարհում եղել է»:
Այս քվեարկությունը փորձագետների ուշադրության կենտրոնում է այն իմաստով, որ վերջերս Միացյալ Նահանգներն ընդունել է ազգային անվտանգության նոր հայեցակարգ, որտեղ Եվրամիության համար կանխատեսվում է «քաղաքակրթական վախճան»:
Գրեթե բոլոր մենկաբանները տպավորություն են փոխանցել, որ Թրամփը «լքում է Եվրոպան»: Հատկապես հեռու գնացող եզրակացություններ են տարածվել ռուսաստանյան մամուլում:
Bloomberg-ը գրել է, որ եվրոպական առաջնորդները «դեռեւս հույս ունեն, որ Թրամփը կհամաձայնի ուկրաինական պատերազմի հարցում իրենց տեսակետին»:
ԱՄՆ եկող տարվա պաշտպանության ռազմական բյուջեի մասին օրինագիծը, կարծես, վկայում է, որ Վաշինգտոնը Եվրոպայի անվտանգությունը միայն Եվրամիության անդամ պետությունների պատասխանատվությանը թողնելու դիրքորոշումը գոնե սկզբունքային առումով վերանայել է:
Կարևոր է, որ Կոնգրեսը Պենտագոնին արտոնում է մինչև 2029 թվականը տարեկան ևս 400 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Ճիշտ է, այդ գումարն առանձնացված չէ, բայց ԱՄՆ պատերազմի նախարարությունը կարող է իր միջոցների հաշվին Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման ծախսեր իրականացնել:
Դժվար է ասել, որ ռազմական բյուջեի մասին օրենքի քվեարկությունը կարող է անդրադառնալ Ուկրաինայի հարցում Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, ով եկող տարեսկզբին հրաժեշտ կտա պաշտոնին, ասել է, որ Ուկրաինայում «կրակի դադարեցումը մոտ է»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը նույն օրը հայտարարել է, որ Մոսկվան «ծանոթ չէ Ուկրաինայի կողմից Վաշինգտոն ներկայացված փաստաթղթին և սպասում է ազդակի»:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիային չի կարելի թողնել ինքնուրույն որոշելու իր ապագան
Եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրենները ցանկանում են ուղիղ կապ ԵՄ քաղաքականության մշակման համար
Ջենրիկ. «Բըրնհեմը կասկածելի պոլո շապիկով Քիր Սթարմերն է»