13/02/2026

Քաղաքական, քաղաքակրթական և անվտանգային ի՞նչ այլընտրանք է ներկայացնելու

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները կիսում են «գերիների վերադարձը չքաղաքականացնելու» մասին ընդդիմադիր պատգամավորի տեսակետը, որ պաշտպանում են նաև մի քանի հանրային գործիչներ:

Հիմնավորվում է, որ «բոլորիս պարտքն է թույլ չտալ, որ այլ պետություն միջամտի Հայաստանի ընտրություններին»: Ո՞րն է այս խոսույթի քաղաքական իմաստը:

Եթե «զգացմունքայնությունը» մի կողմ թողնենք, ապա կստացվի, որ ընդդիմությունը Փաշինյանից պահանջում է չորս անձանց հայրենադարձությունը «նախընտրական հաղթաթուղթ չդարձնել», վարչապետի թիմից էլ ասում են՝ «համաձայն ենք, բայց դուք էլ պարտավորվեք, որ մնացած տանսնիննի ճակատագիրը չեք շահարկելու»:

Ենթադրենք, որ «ուխտը կայանում է»: Բայց մի՞թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններին այլ երկրի միջամտության հնարավորությունը դրանով սպառվում է: Եվ հարցը միայն Թուրքիային և Ադրբեջանին չի վերաբերում:

Թարմ օրինակը Հայաստանի հասցեին Իրանի դեսպանի «կշտամբանքն» է, որի շուրջ սպասելի քննարկումներ են ծավալվում, բացահայտվում են իրողություններ, որ նոր սերնդի համար բացահայտ նորություն են: Այդ անցանկալի դիսկուրսը նախընտրական նշանակություն ունի՞:

Հարցին ոչ ոք միանշանակ պատասխան, թվում է, չունի, և դա ավելի զգաստացնող է:

Կամ վերցնենք կրեմլյան քարոզիչ Սոլովյովի հայտնի հայտարարության հայաստանյան արձագանքները, երբ նախկին վարչապետն ասում է, որ նրա գաղափարը «օբյեկտիվ հիմքեր ունի»: Կամ խոսենք բացահայտ ռուսաստանամետ շրջանակներից բռնատեղահանված արցախցիներին մարդասիրական օգնության մասին:

Այդ ակցիան քաղաքական-նախընտրական-ընդդիմադիր քարոզչության իմաստ ունի՞: Ով կասի՝ ոչ, ճշմարտության և սեփական խղճի դեմ մեղք կգործի: Ընդդիմությունը պատրա՞ստ է սառեցնել նշված և այլ «տաք թեմաներով» իշխանության դեմ քարոզչությունը:

Իսկ ի՞նչ տարբերություն՝ Փաշինյանի հակառակորդները գերիների հարցո՞վ են նրան վերագրումներ անում, թե՞՝ Պրահայում «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու»:

Մանավանդ որ երկրորդ դեպքում արտաքին միջամտության կարող է անել ոչ միայն Ադրբեջանը, այլև շահագրգիռ երրորդ-չորրոդ երկիրը, ուժային կենտրոնը, վերլուծաբանական հաստատությունը կամ նույն Վլադիմիր Սոլովյովը, կամ Արամ Գաբրիելյանովը:

Խնդիրն, այսպիսով, ոչ թե կոնկրետ թեմայի «սառեցումն» է, այլ՝ քաղաքական առաջնահերթությունների ձևակերպումը և հրապարակայնացումը:

Իշխանության, ինչպես Փաշինյանի մրցակիցներից մեկն է ասում՝ «օրիենտիրները» հիմնականում նշված են, անորոշ է մնում երկու հարց. ընդդիմությունը միասնակա՞ն է, թե՞ մասնատված և եթե ձևավորվի «կոնսենսուս-Փաշինյան թիմը», ապա քաղաքական, քաղաքակրթական և անվտանգային ի՞նչ այլընտրանք է ներկայացնելու: