Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում ավանդական ամենամյա մամուլի ասուլիս է անցկացրել: Նա ընդգծել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության համար անցած տարին «լարված էր»:
Ֆիդանը հատկապես կարևորել է Գազայում «ցեղասպանությունը կանխելու և մարդասիրական խնդիրներ կարգավորելու» ուղղությամբ գործադրված ջանքերը մի իրավիճակում, երբ «գլոբալ կառավարման համակարգը, ցավոք, վիճակված փորձությունները հաղթահարելու քննությունը չի անցնում»:
Ծավալուն ասուլիսին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հնչեցրած մտքերից առավել ուշագրավ են Իսրայելի հասցեին սուր քննադատությունը, Իրանում իրավիճակը կարգավորմանն արտաքին ուժային միջամտության բացառումը և ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Անկարայի անհանգստությունները:
Նրա գնահատմամբ՝ Իսրայելի «մոլորությունն այն է, որ կարծում է, թե հնարավոր է անվտանգություն ապահովել՝ վտանգելով հարեւանների անվտանգությունը»: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Ֆիդանը համարում է, որ «այդ երկիրն ինքը պիտի կարգավորի ներքին խնդիրները, Թուրքիան մերժում է արտաքին ռազմական միջամտությունը»:
Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը երեք առանցքային հարցադրում է արել: Նախ, եթե ռազմական գործողությունները դադարեն, ապա ո՞վ և ինչպե՞ս է վերահսկելու հրադադարը, երկրոդ՝ ինչպե՞ս է ապահովվելու Ուկրաինայի «զսպողական կարողունակությունը», երրորդ՝ ի՞նչ է արվելու համաձայնությունը խախտելու դեպքում:
Կարևոր է դիտարկել, որ, ի տարբերություն նախորդ հրապարակային ելույթների, Ֆիդանն այս անգամ հակամարտության կարգավորմանը միջնորդություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամության մասին ոչինչ չի ասել: Կարելի է այսպիսով եզրակացնել, որ Անկարան աշխարհաքաղաքական «մեծ գործարքի» ոչ միայն մասնակից, այլև ներկայացուցիչ կողմ չի լինի, ուկրաինական կարգավորմանն Էրդողանի միջնորդությունը Պուտինի և Թրամփի կողմից պահանջված չէ:
Ֆիդանի հարցադրումների տոնայնությունից կարելի է ենթադրել, որ Թուրքիան քննարկում է հետկոնֆլիկտային Ուկրաինայում հրադադարի պահպանմանը և «զսպողական կարողունակությանը» մասնակցության հնարավորությունը:
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Եվրամիության պաշտպանական ծրագրին Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունների ներգրավման անհրաժեշտությունից:
Ըստ երևույթին, Անկարան այս ուղղությամբ քննարկումներ է նախաձեռնել: Anadulu- ն հայտնել է, որ հունվարի 15-ին Բեռլինում կայացել է Գերմանիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերի և Բորիս Պիստորիուսի հանդիպումը:
Գործակալությունն ընդգծում է, որ Գյուլերին «ընդունել են զինվորական պատիվներով»: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության սոցցանցային գրառման, «կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր»:

Բաց մի թողեք
ԱՄՆ – Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում ի՞նչ «նրբերանգ» ունի
Բաքվում ի՞նչ է տեղի ունեցել, իրական գնահատական կարող է տալ պատմագիտությունը
Իրականում ի՞նչ զարգացումներ կան, կարող են հետևել, ՌԴ համար էական չէ