Թուրքական մամուլի տեղեկացվածությամբ՝ մինչև հունվարի վերջ ակնկալվում է Լիբանանի նախագահ Աունի Կիպրոս այցը: Ավելի վաղ կողմերը Միջերկրականի արեւելյան հատվածում ծովային սահմանազատման համաձայնագիր են ստորագրել:
Թուրքիան պաշտոնական Բեյրութի այդ քայլերը գնահատում է որպես «շրջադարձ դեպի արեւմտյան ճամբար»: Լիբանանի կառավարության այդ քայլերը ֆորմալ առումով բացառապես տնտեսական են, երկիրն արտաքին ներդրումների խիստ անհրաժեշտություն է զգում:
Անկարայում, մինչդեռ, գտնում են, որ «ամեն ինչ տանում է իսրայելա-լիբանանյան սերտ համագործակցության, որի նպատակը տարածաշրջանում ի վնաս Թուրքիայի ուժերի նոր հարաբերակցության ձևավորումն է»:
Անցյալ տարեվերջին Երուսաղեմում կայացել է Հունաստան-Իսրայել-Կիպրոս գագաթաժողով, իսկ հունվարի սկզբին Կիպրոսում հանդիպել են երեք երկրների պաշտպանության նախարարները:
Ըստ հունական և իսրայելական մամուլի՝ կողմերն ստեղծում են արագ արձագանքման միասնական զորախումբ, որպեսզի երաշխավորեն Միջերկրականի արևելյան հատվածում համատեղ տնտեսական և առևտրային գործունեության անվտանգությունը:
Կիպրոսի և Լիբանանի միջև ծովային սահմանազատման համաձայնագիրն, ըստ այդմ, ներգրվում է իսրայելա-հունա-կիպրոսյան «եռյակ դաշինքի» ստեղծմանը:
Իսրայելը և Լիբանանն, ինչպես հայտնի է, անցյալ տարի կրակի դադարեցման և սահմանային իրավիճակը հսկելու մասին Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնագիր են ստորագրել, որի կատարման ընթացքից Երուսաղեմը դժգոհ է և հաճախ դիմում է «կանխարգելիչ հարվածների» ոչ միայն սահմանամերձ գոտում, այլև՝ Բեյրութի այն հատվածներում, որտեղ «Հըզբալա»-ն հենակայաններ կամ հրամանատարական կետեր ունի:
Իսրայելական ynet առցանց պարբերականի դիտարկմամբ՝ «Հըզբալա»-ի համար ստեղծվել է բարդ վիճակ: Այդ կազմակերպությունը որպես Լիբանանի քաղաքական ազդեցիկ ուժերից մեկը, երկրի խորհրդարանում կայուն ներկայություն ունի և հայտնի է հակաիսրայելական ընդգծված դիրքորոշմամբ:
Լիբանանի տնտեսությունը ծանրագույն ժամանակներ է ապրում: «Հըզբալա»-ն չի կարող բացահայտ դիմադրել Կիպրոսի և նրա միջոցով Եվրամիության հետ համագործակցությանը, բայց և չի ընդունում իսրայելա-լիբանանյան սկզբունքային հաշտությունը:
Իրավիճակի այս գնահատումը կարեւոր է այն առումով, որ անցյալ շաբաթ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն Անթիլիասում ընդունել է «Հըզբալա»-ի խորհրդարանական ներկայացուցիչներին:
Հանդիպման ներկա է գտնվել ՀՅԴ Բյուրոյի անդամ, կուսակցության Լիբանանի կառույցի ղեկավար Հակոբ Բագրատունին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «հանդիպումն առիթ է հանդիսացել, որպեսզի հայացք նետվի Լիբանանի ներքին կացությանը և հատկապես երկրի հարավային շրջանում տիրող իրավիճակին»:
Լիբանանի հարավի գերխնդիրը «Հըզբալա»-ի ռազմական խմբավորումների զինաթափումը և Իսրայելի հետ սահմանը լիովին լիբանանյան կառավարական ուժերին վերապահումն է, որից հետո հնարավոր է իսրայելա-լիբանանյան հարաբերությունների և տնտեսական համագործակցության հաստատում:
Անթիլիասի տարածած հաղորդագրությունից բարդ է ենթադրել, թե «Հըզբալա»-ի խորհրդարանական պատվիրակությունը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն ի՞նչ կտրվածքով են քննարկել Լիբանանի հարավում առկա իրավիճակը:
Կանխատեսելի է մի բան, եթե Կիպրոսի, Հունաստանի և Իսրայելի ու Եվրամիության հետ «բացվելու» լիբանանյան քաղաքական ուղեգիծը ձախողվի, ապա երկիրը հայտնվելու է Թուրքիայի ազդեցության գոտում:

Բաց մի թողեք
Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է կիբերհարձակման դեմ պայքարի ԵՄ-ի «գործողությունների ծրագրի» մասին
Ալի Խամեյնին Վաշինգտոնին «առաջարկում է իշխանության տրանզիտի հնարավորություն թողնել»
«Խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպան գործիքներ ունենալու մեջ է»