12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ԱՄՆ – Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում ի՞նչ «նրբերանգ» ունի

Փորձագիտական հանրության կողմից, կարծես, արժանի ուշադրության չարժանացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Երևան և Բաքու այցի նախօրեին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստրուբի Foreign Affairs-ին հարցազրույցի շատ կարևոր դրվագը, որտեղ նա այն միտքն է զարգացրել, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, մտահոգված են Ռուսաստանից հնչող սպառնալիքներով և զգուշանում են ուկրաինական պատերազմից հետո «լարվածության աճից»:

Ֆինլանդիայի նախագահի այս դիտարկումը Բաքվի կողմից Միլլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի մակարդակով իշխանական լրատվամիջոցում մեկնաբանվել է Վենսի այցից անմիջապես հետո, ինչից կարելի է եզրակացնել, որ այն կոնկրետ և նպատակային է:

«Արևմտյան շրջանակները Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների վատթարացմամբ ծայր աստիճան շահագրգռված» են,- նկատել է Հասանգուլիևը և հավելել, որ նրանք «կուզենային տեսնել նույնիսկ ռուս-ադրբեջան բաց առճակատում»:

Միլլի մեջլիսի պատգամավորն ընդունել է, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերություններում «նկատվում են որոշակի տարաձայնություններ, և անհանգստանալու առիթներ կան», բայց նա գտնում է, որ «այդ խնդիրները չեն բերի ռուս-ադրբեջանական հարաբերությունների արմատական վատթարացման»:

Հասանգուլիևը համարում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի «կենսական շահերը պահանջում են, որպես երկու հարևան երկրները շարունակեն համագործակցությունը»:

Ուշագրավ է, որ ադրբեջանցի խորհրդարանականը դիտարկում է իր երկրի կարեւորությունը Ռուսաստանի «դեպի Ասիա և Արևելք ելքի համար»: Խոսքն, անկասկած, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի մասին է, որ Ռուսաստանը պետք է կապի Պարսից և Հնդկական օվկիանոսին:

Այս համատեքստում Հասնագուլիևը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «հարաբերությունները ռազմավարական-գործընկերային» են: Նա չի պատկերացնում, թե «Ռուսաստանը կարող է Ադրբեջանի համար որևէ սպառնալիք ներկայացնել»:

Հասանգուլիևի այս մեկբանությունը հետևել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի վերաբերյալ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի արձագանքին, որտեղ նա Երևանի և Բաքվի հետ երկկողմ սկզբունքով հարաբերությունները շարունակելու և զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Իհարկե, կարելի է ասել, որ Ֆինլանդիայի նախագահի դիտարկումը «սադրիչ է և ոչ մի կապ չունի Վենսի Երևան և Բաքու այցի հետ», իսկ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը «պատահական է հասկացրել, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ» է, և Հասանգուլիևն էլ «զուտ անձնական տեսակետ է հայտնել»:

Բայց ճիշտ եւ պահանջված է փորձել հասկանալ, թե ի՞նչ «ԱՄՆ – Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում ի՞նչ «նրբերանգ» ունի»: