20/02/2026

Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ Լուսանկար

AAC

Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ և տեսանյութեր են շրջանառվում Շիրակի մարզ, մասնավորապես Ամասիա և Գյումրի այցելած ադրբեջանցիների մասին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատասխանել է Civic.am-ի՝ փետրվարի 18-ին ստացված հարցմանը՝ տեղեկացնելով, որ հարցման մեջ հիշատակված անձինք ազգությամբ ադրբեջանցիներ են և հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նրանք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և երկրից դուրս են եկել «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով։ Այցը կրել է մասնավոր բնույթ։ Նշվում է նաև, որ տվյալ անձինք նախկինում ևս այցելել են Հայաստան։

Միաժամանակ ծառայությունը հայտնել է, որ ազգային անվտանգության մարմինների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ենթակա չեն հրապարակման։

331700