Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովի գլխավորած պատվիրակությունը այցելել է Բաքու:
Այդ մասին երկօրյա ուշացումով հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Ըստ հաղորդագրության, Գրեխովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար, պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեի հետ:
«Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցության ընթացիկ վիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առերևույթ լարվածության ֆոնին կողմերի միջև ռազմական համագործակցության առկա վիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկման մասին պաշտոնական տեղեկատվությունն առհասարակ, մեղմ ասած, «մտորումների տեղիք տալիս»:
Իսկ եթե նկատի ենք ունենում, որ ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականը, որ ի պաշտոնե պատասխանատում է ՌԴ ԶՈՒ ռազմատիեզերական ուժերի սպառազինվածության համար, Բաքու է այցելել Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան «Մռնչացող առյուծ» ռազմագործողության մեկնարկից ընդամենը երկու օր առաջ, ապա Մոսկվա-Բաքու «շփումը» ստանում է, կարելի է առանց չափազանցության ասել, համատարածաշրջանային կարևորություն:
Երևում է, կողմերի բարձրաստիճան զինվորականները քննարկել են Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման հետ կապված «նուրբ» հարցեր: ՏԱՍՍ պետական գործակալության կայքում տեղ է գտել Кавказское обозрение-ի թելագրամյան մի վերլուծական, որ շոշափում է ԱՄՆ կողմից Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի տարածքը «կամ, գուցե, ադրբեջանցիներին օգտագործելու» հարցը:
Ընդսմին, ռուսաստանցի վերլուծաբանը գտնում է, որ Միացյալ Նահանգները «ծրագրել է երկարատև ռազմագործողություն», իսկ այդ դեպքում «կարող են հարկավոր լինել Իրանին սահմանակից դաշնակիցների հնարավորությունները»:
Հեղինակը դիտարկում է, որ «դրանցից մեկը, բնականաբար, կարող է լինել Ադրբեջանը, որ անցած մեկ տարում Սպիտակ տան հետ հարաբերությունների կառուցման ակտիվությունը մեծացրել է՝ գործի դնելով, այսպես ասենք, Թրամփի շրջապատի հետ իր էլիտայի մերձավոր կապերը»:
Թելեգրամյան ալիքը հավելում է, որ Իրանի դեմ հարվածներին ընդառաջ՝ «ամերիկյան արբանյակներն սկսել են ակտիվորեն տեսնկարահանել Գյանջայի ավիահենակայանը, մի բան, որ մինչ այդ չէր արձանագրվել»:
Ընդ որում, «տեսնկարահանումներն առավելագույնս դետալիզացված» էին: Հեղինակը միաժամանակ նկատել է տալիս, որ տարածաշրջանում ԱՄՆ հետախուզության հնարավորությունների նկատառմամբ՝ «Ադրբեջանում ջանքերը արտառոց են թվում, իհարկե, Միացյալ Նահանգները չունեն Ադրբեջանի տարածքն օգտագործելու ինչ-որ ծրագրեր»: Ռուսաստանյան կողմն, ընդսմին, արձանագրել է «Իրանի հետ սահմանին ադրբեջանական օդուժի հետախուզական թռիչքների ակտիվացում»:
Կարելի՞ է եզրակացնել, որ փետրվարի 25-ին ՌԴ ԶՈՒ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի հետ կապված որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել, որ, սակայն, Բաքուն չի հարգել կամ «ստիպված է եղել չհարգել՝ տեղի տալով ամերիկյան ճնշումներին»:
ԱՄՆ նախագահ Թրոմափը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «կտևի չորս-հինգ շաբաթ»: Այդ ընթացքում Վաշինգտոնը Գյանջայի ռազմաօդային հենակայանի կարիքը կունենա՞:

Բաց մի թողեք
Ռուսաստանն Ադրբեջանին քաշում է իր տակ․ Մոսկվան և Բաքուն առնվազն հակադիր ճամբարներում չեն
Ի՞նչ տեղեկության հիման վրա է նման եզրակացության հանգել Եվրոպայում ադրբեջանական վտարանդիությունը
Թրամփի սիրտը նախահեղափոխական ժամանակների Իրան է ուզում