ԱՄՆ –ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը հրավիրվել է պետական դեպարտամենտ: Նրան ընդունել է պետական քարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով օգնական Ռայլի Բառնեսը:
Այդ մասին պաշտոնական տեղեկատվությունը սոցիալական X հարթակում հայտնել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը, ըստ որի «հանդիպումը անցել է կառուցողականության մթնոլորտում և նվիրված է եղել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկխոսության խորացման հեռանկարների քննարկմանը»:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները, վկայակոչելով ամերիկյան «Freedom now» իրավապաշտպան կազմակերպության տեղեկությունները, հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Ադրբեջանի դեսպանի հետ «շատ կոշտ խոսակցություն է ունեցել»:
Մասնավորապես, պետքարտուղարի օգնականը «ԱՄՆ ժողովրդավարական ավանդույթների և հաստատությունների դեմ կոպիտ ոտնձգություն» է գնահատել Վաշինգտոնում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցների կողմից գործադրած բռնությունը:
Ինչպես հայտնի է, Ալիևի անվտանգության աշխատակիցները փետրվարի 19-ին նրա դեմ բողոքի ակցիայի սակավաթիվ մասնակիցներին ենթարկել են դաժան ծեծի:
Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությանը հայտնի է դարձել, որ պետքարտուղարի օգնական Բառնեսը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանի «ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնական ազատությունների սահմանափակման դեպքերի վրա»:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչները գրեթե համոզված են, որ «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մեկ խոսքը բավական է, որպեսզի չորս հարյուրից ավելի քաղբանտարկյալներն ազատություն ստանան»:
Ադրբեջանում մարդու իրավունքները զանգվածային խախտվում են արդեն ավելի քանի երեսուն տարի: ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից այդ հարցով Ադրբեջանի դեսպանին «արված զգուշացումը» հաջորդում է փոխնախագահ Վենսի Բաքու այցին, որի ընթացքում նա բարձրացրել է ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը:
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանը, սակայն, պետդեպարտամենտ է «հրավիրվել» մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ը Իրանի դեմ ռազմագործողությունը հիմնավորում է նաևսեփական ժողովրդի հանդեպ կրոնապետության դաժանությամբ: Սա շատ խորհրդանշական է:
Վտարանդի քաղաքական գործիչ Գուլու Մահեռամլին ԱՄՆ նախագահ Թրամփին կոչ է արել Ալիևին չհավատալ, քանի որ նա «շատերին է խաբել»: Մահեռամլիի կարծիքով՝ «եթե Իլհամը զգա, որ Չինաստանը Միացյալ Նահանգներից ավելի ուժեղ է, իսկույն Թրամփին թիկունք է ցույց տալու»:
Ըստ երևույթին, Ադրբեջանի դեսպանը պետական դեպարտամենտ է «հրավիրվել», որպեսզի Իլհամ Ալիեւին «ինչ-որ բան փոխանցի»: Այդ փաստը վկայում է, որ Վաշինգտոնի և Բաքվի միջև այս փուլում անմիջական կոմունիկացիա չկա:
Հակառակ դեպքում Ալիևին Թրամփի «ուղերձը» դեսպանի միջոցով չէր փոխանցվի:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը