Ըստ տեղեկությունների, իրանական մի շարք լրատվամիջոցներ և թելեգրամ-ալիքներ քննարկում են ԻՀՊԿ «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Էսմայիլ Քաանիի «առեղծվածային փրկության» թեման:
Հայտնի է դարձել, որ նա Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի նստավայրը լքել է «օդային հարձակումից մի քանի րոպե առաջ»: Իրանում, ինչպես աղբյուրներն են հայտնել, հիշել են, որ դա առաջին դեպքը չէ: 2024թ. սեպտեմբերի
27-ին Քաանին գտնվել է «Հըզբալա»-ի բեյրության նստավայրում, որ նրա հեռանալուց րոպեներ անց ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին: Զոհվել են կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրալան և ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ գեներալ Աբաս Նիլֆորուշանը:
Քաանին երկրորդ անգամ մահից փրկվել է 2025թ. հունիսին, երբ Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին և Թեհրանի կառավարական թաղամասերին: Նախապես հայտարարվել է, որ զոհվել է նաև գեներալ Քաանին, բայց կարճ ժամանակ հետո տարածված տեսանյութերը վկայել են, որ նա ողջ է:
Եվ ահա երրորդ անգամ նա «հրաշքով» փրկվել է փետրվարի 28-ին: Որոշ աղբյուրներ դեռևս անցյալ տարվա հունիսին ակնարկել են, որ գեներալ Քաանին «հարցաքննության է ենթարկվել, բայց իսրայելական հետախուզության հետ նրա կապերի վերաբերյալ կասկածները չեն ապացուցվել»:
Այս տեղեկություններն ուշադրության չէին արժանանա, եթե իսրայելական լրատվամիջոցները զուգահեռաբար տեղեկություն չտարածեին, որ «Մոսադը» այաթոլլա Խամենեիին հետևել է տարիներ շարունակ:
Ընդ որում, միանգամից մի քանի լրատվամիջոց հղում է արել «անվտանգության համակարգի վստահելի աղբյուրին», որը ներկաայցրել է այնպես, իբր Խամենեին իսրայելական արտաքին հետախուզության դիտարկման տակ է հայտնվել այն բանից հետո, երբ «կարգադրել է ամբողջ Թեհրանում տեսախցիկներ տեղադրել, որպեսզի մարդկանց ցանկացած տեղաշարժ վերահսկվի»:
Ըստ իսրայելցի «հետախույզի», Թեհրանով մեկ տեղաբաշխված տեսախցիկների նյութերը «համադրելու համար օգտագործվել են արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները» և այդպիսով «հաջողվել է ճշտել Խամենեիի թիկնապահների տեղաշարժը»:
Ըստ այդմ էլ, իբր, «Մոսադը» կարողացել է «ստույգ տեղորոշել, թե օրվա որ ժամին Խամենեին որտեղ է գտնվում»: Ավելի վաղ մամուլը տեղեկացրել է, որ Խամենեիի գտնվելու վայրը «բացահայտել է ԱՄՆ ԿՀՎ-ն և տեղեկությունը փոխանցել Իսրայելին»:
Համադրելով այս տեղեկությունները, կարելի է ենթադրել, որ Խամենիի սպանության «տեսախցիկային տեղեկատվության» վարկածը շրջանառության է դրվել երկու նպատակով: Նախ, Իսրայելը այդ պատասխանատվությունը ստանձնում է, որպեսզի Միացյալ Նահանգներին և անձամբ նախագահ Թրամփին ապահովագրի «կեղտոտ գործի» պատասխանատվությունից:
Վարչապետ Նաթանյահուի միջազգային հեղինակությունն առանց այդ էլ բավական խախրոտ է, նա կարող է նաև Խամենեիի արյան ծանրությունը վերցնել իր վրա:
Երկրորդ խնդիրը, հավանաբար, գեներալ Քաանիի «փրկությունն» է: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման նախօրերին մամուլում տեղեկություն է հայտնվել, որ նախկին նախագահ Ահմեդինեջադը ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարությանը մեղադրել է «Մոսադի» հետ «ունեցած գաղտնի կապերի մեջ»:
Նախկին նախագահն ասել է, որ ինքը ԻՀՊԿ-ում «իսրայելական քսան գործակալի գիտի»: Ըստ երևույթին, նաև դա էր Ահմեդինեջադի «սպանության» լուրի տարածման պատճառը: Մի քանի, այդ թվում՝ ռուսաստանցի, բլոգերներ գրել են, որ Խամենեիի սպանությունից հետո «գեներալ Քաանին կրկին ընդհատակ է անցել»: Գուցե նա «ձերբակալվա՞ծ» է:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը