06/06/2026

EU – Armenia

Մոսկվան ձգտում է իրանա – ամերիկյան բանակցությունների վերսկսմանը միջնորդությա՞ն

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Իրանի տարածքից Նախիջևանին դրոնային հարված հասցնելու հետ կապված»՝ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների կտրուկ սրացումը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տվել է բավական ընդարձակ և բազմանշանակ պատասխան:

Նախ, նա Մերձավոր և Միջին Արևելքում իրավիճակի «ծայրահեղ վտանգավոր զարգացման» առթիվ «լուրջ անհանգստություն է հայտնել», ապա գնահատել, որ այն պայմանավորված է «բացարձակապես մտացածին պատրվակներով Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի ագրեսիայով»:

Այնուհետև Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակը՝ «գործելով ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտմամբ, այդ երկրները փորձում են «հավաքական Արևմուտքին» չենթարկվելու համար ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան և անկախ երկրում տապալել օրինական իշխանությունը»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում զգուշացրել է, որ այդ «ռազմական արկածախնդրությունը ամենաբացասական ազդեցությունը կգործի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության վրա, ինչը և տեղի ունեցավ»:

Այս ընդհանուր բնույթի գնահատումներից հետո Զախարովան անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությանը և ընդգծել, որ երկու երկրներն էլ Ռուսաստանի «ռազմավարական գործընկերներն» են:

Նա պաշտոնական Բաքվին և Թեհրանին կոչ է արել «ձեռնպահ մնալ չկշռադատված քայլերից և տարածաշրջանում ի վնաս բարիդրացիության նոր բաժանանարար գծել չստեղծել»: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը «խիստ կարևոր» է համարել «ցանկացած իրադարձության բծախնդիր ուսումնասիրությունը», որպեսզի թույլ չտրվի «ավելի մեծ լարվածություն»:

Ամփոփելով ՌԴ ԱԳՆ տեսակետը, Զախարովան կրկին հիշեցրել է, որ Ռուսաստանը «պատրաստ է ակտիվորեն օգնել տարածաշրջանում արյունահեղությանը դադարեցնելու որոնումներին՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով դիվանագիտական-քաղաքական գործընթացի վերագործարկմանը և միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի բալանսավորման հիման վրա որոշումներ գտնելուն»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը նման առաջարկություն հնչեցրել է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման հաջորդ օրը:

Առայժմ ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իսրայելը չեն արձագանքել: Ավելին, նույն օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ոչ մի գործարքի չի գնա և պահանջել «անհապաղ կապիտուկյացիա»:

Զախարովայի պատասխանից հետևում է, որ Ռուսաստանն իրոք լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի և Իրանի միջև աննախադեպ և գրեթե համակարգային բնույթի լարվածությունից, բայց Մոսկվան կողմերի միջև միջնորդություն չի փորձի իրականացնել: Պարզ չէ, թե դա ինչո՞վ է պայմանավորված:

Մոսկվան ձգտում է ավելի լուրջ դերակատարությա՞ն, այսինքն՝ իրանա-ամերիկյան բանակցությունների վերսկսմանը միջնորդությա՞ն, թե՞ Բաքվի նկատմամբ որևէ ազդեցություն այլևս չունի կամ, գուցե, «ցույց է տալիս, թե չունի»: