Ադրբեջանը «երախտագիտություն է հայտնել Հայաստանին, բայց Հայաստանի ԱԳՆ-ն «թաքցրել» է այդ փաստը»:
Մերբերվում է կայացած Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցի մասին Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ այդ մասին խոսք չկա: Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, երախտագիտության արժանի երկրների շարքում նշել է նաև Հայաստանին:
Իրականում մարտի 5-ին Բաքվի «ԱզերԹաջ» պետական գործակալությունը Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցի մասին տարածել է հաղորդագրություն, որտեղ Ադրբեջանի կողմից Հայաստանին երախտագիտություն հայտնելու մասին ոչ միայն խոսք, ակնարկ իսկ չկա:
Գործակալությունն, ընդսմին, հիմք է ընդունել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած տեքստը: Ըստ այդմ, «նախարարները տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին մտքեր են փոխանակել, անհանգստություն հայտնել և ընդգծել այն քայլերից ձեռնպահ մնալու կարևորությունը, որ կարող են բերել լարվածության հետագա աճի, ընդգծել կայունության և անվտանգության ապահովման նշանակությունը»:
«ԱզերԹաջի» տարածած պաշտոնական հաղորդագրությամբ այնուհետև ասված է, որ «նախարար Բայրամովը հայ գործընկերոջը տեղեկացրել է մարտի 5-ին Նախիջեւանի ինքնավար հանրապետության դեմ դրոնային հարձակման մասին, որի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս է պատճառվել, և տոժել են քաղաքացիական անձինք»:
Տեքստն ամփոփվել է այսպես. «Նախարարները ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակել»:
Ո՞րն է այս հաղորդագրության կարևորությունը: Առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ եթե Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանի պաշտոնակցին տեղեկացրել է «դրոնային հարձակման մասին», ուրեմն կողմերի միջև վստահության որոշակի մթնոլորտ կա, ձևավորված է:
Երկրորդ էական հանգամանքն այն է, որ Միրզոյանը և Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի միջև «կայուն խաղաղության ապահովման կարեւորության» հարցում սկզբունքային տարաձայնություններ չունեն: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ տարածաշրջանային և միջազգային քաղաքական զարգացումների և հնարավոր կարգավորումների հարցում Երևանը և Բաքուն «արմատական տարընթերցումներ չունեն»:
Անշուշտ, Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցը չի կանխորոշում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների «անշրջելիությունը», բայց առկա չափազանց բարդ իրավիճակում Երևանի և Բաքվի միջև վերոբերյալ տոնայնությամբ երկխոսությունը արդեն իսկ լուրջ ձեռքբերում է:
Կարևոր է արձանագրել, որ նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել նաև թուրք պաշտոնակցի հետ, իսկ հաջորդիվ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը աջակցություն է հայտնել… «ադրբեջանական ժողովրդին»:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ առկա իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի «սառը բարիդրացիական հարաբերություններում» բացասական միտումներ չեն դրսեւորվել, խաղաղության ամրապնդման կանխատեսելի հետագիծը մնում է «լավատեսորեն հուսադրող»:
Խոստովանենք, որ Իրանի շուրջ ձևավորված և դեռ ձևավորվող բազմաշերտ և բազմաբևեռ «թնջուկի» նկատառմամբ Հայաստանի դիվանագիտական «քեյսը» գոնե «դատարկ» չէ:
Ինչ վերաբերում է Բաքվի կողմից Երևանին երախտագիտություն հայտնելուն, ապա նախ դա արվել է ընդհանուր կոնտեքստով, երկրորդ՝ այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ –ը հայտարարություն է տարածել Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունից մեկ օր հետո՝ առանձին տեքստով:
Ի վերջո, դա այն «կեղտոտ փաթաթանը» չէ, որ կարելի է Հայաստանի արտգործնախարարության և Արարատ Միրզոյանի «մատին փաթաթել»: Ընդհակառակը, դրական է, երբ Ադրբեջանը Հայաստանին դիտում է ոչ թշնամի երկրների շարքում:


Բաց մի թողեք
«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ