Իրանցի գիտնական Իսա Դողանը համոզված է, որ քրդերին չի հաջողվի «տիրանալ Բասրայի գծին և վերահսկել Պարսից ծոցը»: Այդ տեսակետը նա հայտնել է իշխանամետ Turkiye պարբերականին հարցազրույցում:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ-ը «բանակցություններ է վարում Իրաքի տարածքում տեղակայված քրդական զինված խմբավորումների հետ՝ նպատակ ունենալով Իրանի քրդաբնակ շրջաններում ձևավորել «քրդական միջանցք», որը կվերահսկի դեպի Պարսից ծոց բոլոր հաղորդակցությունները»:
Իսա Դողանը այդ ծրագրի «իրական շահառու» է համարում Իսրայելին, որի «ռազմավարական խնդիրը Թուրքիայի և Իրանի միջև քրդական բուֆերային գոտու ստեղծումն» է: Իրանցի գիտնականը, սակայն, համոզված է, որ Իրանի հյուսիսում, արեւելքում և արևմուտքում բնակվող թուրքերը «դա թույլ չեն տա»:
Ընդ որում, նա գտնում է, որ այդ «ճակատագրական նշանակություն հարցում Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը չեն կարող անտարբեր գտնվել»:
Ըստ Իսա Դողանի, Թուրքիան և Ադրբեջանը «կարող են Իրանի տարածքում ստեղծել հարյուր կիլոմետր խորքով անվտանգային գոտի, որպեսզի պաշտպանեն իրենց սահմանները, իսկ Պակիստանը, որպես միջուկային պետություն, բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի վերահսկողություն հաստատի Բուշերի ատոմային էլեկտրակայանի նկատմամբ»:
Ավելի վաղ ուշադրություն էինք հրավիրել Իրանի հարցում Թուրքիայի դիրքորոշման վրա և ենթադրել, որ Անկարան, հավանաբար, մտադիր է խաղի մեջ մտնել մի փուլում, երբ հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերը, այդ թվում և՝ Միացյալ Նահանգները, «թուլացած կլինեն»:
Իշխանամետ Turkiye պարբերականի հիշյալ հրապարակումը վկայում է, որ Թուրքիան չի բացառում Իրանի տարածքում ռազմական գործողության անցկացումը, եթե իրանական Քրդստանի ստեղծման ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն:
Վերջերս Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար բանակի գեներալ Մեթին Թոքելը այցելել է Նախիջևան և վստահեցրել, որ Անկարան Շուշիի հռչակագրի համաձայն՝ «միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ ռազմական օժանդակություն»:
Մեթին Թոքելը Նախջևան է այցելել իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին: Նախիջևանը սահմանակից է Իրանի այն տարածքին, որտեղ ենթադրաբար պետք է քրդական ինքնավարություն հռչակվի և ստեղծվի դեպի իրաքյան Բասրա «տրանսպորտային միջանցք»:
Տպավորություն է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը Իրանը հարցում ունեն առանձին ծրագիր, որ գործողության կդրվի, եթե Թեհրանում կենտրոնական իշխանությունը վերջնականապես փլուզվի և ծայր առնեն ներքին ռազմական բախումների:
Իսա Դողանը պնդել է, որ եթե Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը Իրանի «թուրք բնակչությանը օգնության չհասնեն, ապա նա քրդերի կողմից կենթարկվի ցեղասպանության և հայրենազրկման»:
Ասվածն, անշուշտ, պետք է հասկանալ հակառակ իմաստով. Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը նախապատրաստվում են մասնակցել Իրանի մասնատմանը, եթե Միացյալ Նահանգներին չհաջողվի պահպանել այդ երկրի քաղաքական ամբողջությունը: Իսրայելակամ մամուլը գրել է, որ Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիի սպանությունը «ավելին է, քան Ալի Խամենեիի ոչնչացումը»:
Վկայակոչելով անվտանգության ոլորտի «մի բարձրաստիճան պաշտոնյայի»՝ իսրայելական «Եդիոտ ահրոնոտը» գրել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «Թեհրանում տեսնում են մի քանի գործչի, որ կարող են երկիրը փրկել փլուզումից»:

Բաց մի թողեք
ՊԱԿ-ի նախկին գործակալ չի լինում, եթե Լուբյանկան նրան այն աշխարհ «չի գործուղել»
Ի՞նչ կարող է փոխվել, եթե Թրամփ – Պուտին գագաթաժողովից «ծուխն» է մնում
ԼՂ դեմ պատերազմը և հայ բնակչության բռնատեղահանությունը Ռուսաստանի թույլտվությամբ է եղել