Շուրջ մեկ տարի անօրինակ շրջափակման արդյունքում հյուծված, այնուհետև լայնածավալ պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը, ցավոք, ներիշխանական հարթությամբ ի սկզբանե հետևողականորեն անտեսվում և հրամցվում է իբրև իրենց մշտական բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ»:
Այս տեսակետն է արտահայտել Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյան՝ անդրադառնալով նախօրեին Երևանի մետրոպոլիտենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բռնատեղահանված Արմինե Մոսիյանի միջև տեղի ունեցածին:
Արցախի իշխանության և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները Երևանում են 2023թ. հոկտեմբերի առաջին օրերից: Եվ որևէ մեկը չի կարող վկայակոչել նրանց կողմից ընդունված և հանրայնացված մի փաստաթուղթ, լինի դա նախագահի հրամանագիր կամ Ազգային ժողովի կամ նրա խմբակցությունների հայտարարություն, որտեղ ամրագրված կլինի, որ ավելի քան հարյուր հազար մարդ Ադրբեջանի իշխանությունների կողմից ենթարկվել է բռնատեղահանության:
Իսկ հակառակը վկայող հայտարարություն, որ 2023-ի հոկտեմբերին, ցավոք, 200 իրավաբանական և ֆիզիկական անձանց անունից ընդունվել և հայաստանյան մամուլում տարածվել է, էլեկտրոնային պահոցներից դժվար չէ գտնել:
Ո՞րն է այդ փաստաթղթի ուղերձը. «Մեզ պարտադրվում էր ստրուկի կարգավիճակում ապրել մեր հայրենիքում, բայց մենք ազատությունը գերադասեցինք, թողեցինք ամեն ինչ և տեղափոխվեցինք մայր Հայաստան»: (Մեջբերումը բառացի չի, բովանդակությունն է փոխանցված):
Ո՞վ է նախաձեռնել, որպեսզի Արցախից բռնատեղահանված երկու հարյուր իրավաբանական և ֆիզիկական անձ ի լուր միջազգային հանրությանը վկայի, որ դրվել է պայման՝ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն (որպես ստրուկ ապրել հայրենիքում) կամ «թողնել-հեռանալ», և իրենք ընտրել են երկրորդ տարբերակը:
Հայաստանի իշխանություննե՞րն են Արցախի քաղաքական-մտավորական վերնախավին «պարտադրել». որ այդ բովանդակությամբ հայտարարություն ընդունիվի, թե՞ Եվլախում ադրբեջանցիների հետ բանակցությունների պահանջներից մեկն էլ դա՞ էր:
Երբ Արցախից երկու հարյուր իրավաբանական և ֆիզիկական անձի ստորագրությամբ տարածվում է «մենք ազատությունը գերադասեցինք հայրենիքում որպես ստրուկ ապրելուց» բովանդակությամբ հայտարարություն, ապա Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս կարող են Ադրբեջանի և միջազգային գործընկերների հետ բանակցություններում կամ քննարկումներում բարձրացնել բռնատեղահանության հարց:
Վերջին անգամ «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ շփումների» մասին Իլհամ Ալիևը խոսել է France 24 հեռուստաընկերությանը հարցազրույցում: Արցախի ոչ մի պաշտոնյա, արցախյան որևէ քաղաքական ուժ նրան չհակադարձեց, չասաց, որ «անվտանգ ապրելու և աշխատանք ունենալու» առաջարկություն չի արվել, եղել է «Ղարաբաղը լքելու պահանջ»:

Բաց մի թողեք
Վաշինգտոնը կթուլացնի նաև TRIPP-ի նկատմամբ հետաքրքրությունը, եթե արդեն չի չեղարկել
Թրամփին մնում է ընդունել, որ Իրանը «չի պարտվել»
Դոնալդ Թրամփը պարտվել է, սակայն մեջքի շուռ չի գալիս