Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել են երկկողմ բանակցություններ, որոնք նա բնութագրել է «լավ, խորքային և կառուցողական», իսկ իրանական կողմից «բանակցողին անվանել «ուժեղ առաջնորդ»»:
Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ խոսքը Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի մասին է: Վերջինս, սակայն, վճառականորեն հերքել է այդ տեղեկությունը:
Իսրայելական ynet-ի տեղեկություններով՝ պատերազմը դադարեցնելու և Իրանի հետ գործարք կնքելու հարցում Թրամփի նկատմամբ «լուրջ ազդեցություն են գործել Կատարը, Թուրքիան և Պակիստանը»:
Պարբերականի քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ իրանա-ամերիկյան «առկա բանակցություններ կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթ՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում»:
Իսրայելական աղբյուրներին նաև հայտնի է դարձել, որ այս անգամ ամերիկյան պատվիրակությունը «կգլխավոր փոխնախագահ Ջեյ Դի Վեսնը, իսկ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթկոֆը և Ջերադ Քուշները թեև պատվիարակության կազմում կընդգրկվեն, բայց կբավարարվեն փորձագետի գործառնույթներով»:
Ըստ իսրայելական աղբյուրների, թեև Թրամփը բանակցությունների համար սահմանել է «հնգօրյա ժամկետ, իրականում նա նպատակ ունի Իրանի հետ պատերազմը դադարեցնել ապրիլի 9-ին, որպեսզի անկախության տոնի առթիվ Իսրայել ժամանելու և իսրայելական մրցանակ ստանալու հնարավորություն ունենա»:
Իրանի հետ բանակցություններում Թրամփը չի բացառել իր և «այաթոլլայի հանդիպումը, ով էլ որ նա լինի»: Քաղաքական առումով ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունը պատերազմի գլխավոր՝ կրոնապետություն տապալելու և աշխարհիկ իշխանություն ձևավորելու, նպատակից չափազանց մեծ շեղում է:
Նա փաստացի ընդունել է, որ Իրանի պետական համակարգը հաղթահարել է մոտ երեքշաբաթյա անընդմեջ հրթիռակոծումների փորձությունը:
Միացյալ Նահանգները և տարածաշրջանի արաբական երկրները և անգամ Թուրքիան, իհարկե, կարող են Իրանի հետ Հորմուզի նեղուցի, այլ կոմունիկացիաների, Իսլամական հանրապետության միջուկային և հրթիռային ծրագրերի շուրջ ինչ-որ համաձայնությունների հասնել, որից Թեհրանը կունենա քաղաքական, ռազմական և տնտեսական զգալի շահաբաժին: Արտառոց է Իսրայելի պարագան:
Երուսաղեմն, ըստ էության նաև իր համար բացահայտել է, որ Իրանը ծնկի չի եկել: Իսկ դա նշանակում է, որ հետագա հարաբերությունները կարող են ավելի բարդ և «սահմանագծային» լինել, քան մինչ այժմ էին:
Միացյալ Նահանգները և տարածաշրջանի նրա դաշնակից երկրներն, այսպիսով, Իրանի հետ պետք է համաձայնեցնեն նաև Իսրայելի անվտանգության երաշխիքների հարցը:
Այս ամենը, սակայն, միայն Դոնալդ Թրամփի ոչ պաշտոնական, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հնչեցրած բոլոր առումներով արտառոց մտքերի վրա կառուցված ենթադրություններ են:
Իրականում Իրանի դեմ պատերազմը կարող է հնգօրյա «միջնադադարից» հետո վերսկսվել նոր թափով:

Բաց մի թողեք
Արցախի ոչ մի պաշտոնյա, արցախյան որևէ քաղաքական ուժ Ալիևին չհակադարձեց
Վաշինգտոնը կթուլացնի նաև TRIPP-ի նկատմամբ հետաքրքրությունը, եթե արդեն չի չեղարկել
Թրամփին մնում է ընդունել, որ Իրանը «չի պարտվել»