24/03/2026

EU – Armenia

Թրամփին մնում է ընդունել, որ Իրանը «չի պարտվել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել նախօրեին Իրանին ներկայացրած քառասունութ ժամյա վերջնագիրը:

Սոցիալական ցանցերի անձնական հարթակում կատարած նոր գրառմամբ նա հանրայնացրել է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ «խորը և արդյունավետ բանակցություններ է վարում, որպեսզի հասնի պատերազմի ավարտին»:

Թրամփի այդ հայտարարությունից հետո նավթի միջազգային գները միանգամից տասներկու տոկոսով նվազել են:

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բաղաին, սակայն, հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մասին տեղեկությունը: Իսլամական հանրապետության ԱԳՆ-ն Դոնալդ Թրամփի հայտարարությունը գնահատել է «կապիտուլյացիա»:

Այս հեռավար բանավեճից հետո հայտարարություն է տարածել Օմանի արտաքին գործերի նախարար ալ-Բուսաիդին: «Ով էլ Իրանի մասին ինչ ասի, փաստ է, որ այդ պատերազմը նա չի սկսել»,- ասել է Օմանի արտաքին գործերի նախարարը, որ փետրվարին երկու անգամ որպես միջնորդ մասնակցել է Ժնևում իրանա-ամերիկյան բանակցություններին:

Իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա նախօրեին ասել է, որ Կատարը, Թուրքիան և Եգիպտոսը «դիվանագիտական ջանքեր են գործադրում և փորձում հասնել Թրամփի և Իրանի միջև գործարքի և պատերազմի ավարտին»:

Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» անանուն աղբյուրը իր հերթին ասել է, որ Նաթանյահուն «այլ ելք չունի, քան գործել Թրամփի առաջադրած սկզբունքներով»: Նա մեկնաբանել է, որ խոսքը Իրանի դեմ հարվածները շարունակելու Իսրայելի մտադրության և ԱՄՆ նախագահի սահմանած «շրջանակների միջև տարբերության մասին» է:

ԱՄՆ նախագահը Իրանին «խոր և արդյունավետ բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու» հնգօրյա ժամանակ է տվել: Իսրայելը փաստացի ընդունել է, որ եթե Վաշինգտոնը և Թեհրանը հասնեն «գործարքի», ապա մարտական գործողությունները կդադարեն:

Իրանը բանակցությունների փաստը կտրուկ հերքել է, բայց դա չի նշանակում, թե իրանա-ամերիկյան առնվազն խորհրդատվություններ չեն անցկացվում: Խնդիրն այն է, թե ԱՄՆ-ը պատերազմի երրորդ շաբաթը լրանալուն ընդառաջ ի՞նչ է առաջարկում Իրանին:

Արտգործնախարար Արաղչին ասել է, որ ամերիկացիների հանդեպ «ոչ մի վստահություն չկա»: Կարելի է վստահաբար ենթադրել, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում շատ ավելի կոշտ կեցվածք է որդեգրելու, քան ուներ մինչ այդ:

Այսպիսով ԱՄՆ-ին կմնա կամ «մինչև հաղթական ավարտ շարունակել պատերազմը», կամ ընդունել, որ Իրանը «չի պարտվել»: