24/03/2026

EU – Armenia

Վաշինգտոնը կթուլացնի նաև TRIPP-ի նկատմամբ հետաքրքրությունը, եթե արդեն չի չեղարկել

Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կնյազևը գտնում է, որ «իրանական Էնզելի նավահանգստին իսրայելական հարվածներից հետո Կասպյան տարածաշրջանը վերածվում է ևս մեկ պատերազմական թատերաբեմի, իսկ մերձկասպյան բոլոր երկրները՝ դառնում ռազմաճակատային»:

Նա այս գնահատականը հնչեցրել է ի պատասխան Ղազախստանի նախագահ Տոկաևի վստահության, որ «մեծ հարգանք ունի ԱՄՆ նախագահ Թրամփի հանդեպ» և «հավատում է միջազգային բարդ խնդիրները կարգավորելու նրա նորարարական մոտեցումներին»:

Տոկաևը Թրամփի Խաղաղության խորհրդի կարևորության մասին խոսել է Թուրքեստանի մարզ այցի ընթացքում, որտեղ էլ անոնսավորել է Թուրքական պետությունների կազմակերպության՝ մայիսին կայանալիք գագաթաժողովը:

Ռուսաստանցի քաղաքագետը, մինչդեռ, Կենտրոնական Ասիայի երկրներին խորհուրդ է տալիս «պահպանել ավանդական կողմնորոշումը և ապահովել իրենց առևտրային երթուղիները»: Կնյազևը համարում է, որ Իրանի դեմ պատերազմով պայմանավորված՝ «տրանսպորտային բոլոր նախագծերի իրականացումը կմտնի պաուզայի փուլ»:

Նա գտնում է, որ պաուզան կկիրառվի նաեւ TRIPP-ի նկատմամբ: «Հարցեր են առաջանում նաև Բաքու-Ջեյհան նավթամուղի հետ կապված, որով Ադրբեջանից ստացվում է Իսրայելի ներկրած նավթի գրեթե կեսը»,- նկատել է Կնյազևը և հավելել, որ «պատերազմին Ադրբեջանի ներգրավվածությունը վայրկենապես կասկածի տակ կդնի «Միջին միջանցքի» նախագիծը, որ Կենտրոնական Ասիան կապում է Թուրքիային՝ շրջանցելով Ռուսաստանը և Իրանը»:

Այստեղ, ինչպես ասում են, «բանալի ձևակերպումն» այն է, որ «Միջին միջանցքը» Կենտրոնական Ասիան Թուրքիայի հետ կապում է՝ «շրջանցելով Ռուսաստանի և Իրանի տարածքը», իսկ Կասպյան երկրները «դարձել են ռազմաճակատային, քանի որ Իսրայելը ռմբակոծել է իրանական Էնզելի նավահանգիստը»:

Աշխարհաքաղաքական «կազուսը» տվյալ դեպքում այն է, որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը դիմել է մի քայլի, որի հետեւանքը կարող է լինել «Կասպյան պատերազմը», իսկ այդ դեպքում Միացյալ Նահանգների ծրագրավորումները «ի դերև կելնեն»:

Թուրքական պետությունների ղազախստանյան գագաթաժողովը, ըստ երեւույթին, կազմակերպվում է, որպեսզի հայտարարվի այդ կառույցի «աշխարհաքաղաքական ինքնուրույն բևեռ լինելու» մասին: Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ Թուրքեստանը «դարձյալ պետք է ապացուցի, որ կարող է դառնալ համագործակցության կենտրոն»:

ԹՊԿ գագաթաժողովի գումարման պահին ի՞նչ իրավիճակ է լինելու Իրանում և նրա շուրջ՝ ոչ ոք չի կարող անգամ ենթադրություն անել: Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանի դեմ հարձակման «Մոսադի» նախօրոք մշակած «ծրագիրը գործնականում չի իրականացել»:

Խոսքը ամենից առաջ ներիրանական ընդվզման և կրոնապետության տապալման մասին է: Եթե Թուրքական պետությունների կազմակերպությունը միջազգային քաղաքական դերակատարի հայտ ձևավորի, ապա ո՞րն է լինելու ԱՄՆ-ի դիրքորոշումը:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը լուրջ մարտահրավեր է նաև Հայաստանին: Ադրբեջանի հետ փխրուն խաղաղության երաշխիքը անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված նախնական պայմանավորվածություններն են:

Փորձագետները գտնում են, որ պատերազմը Դոնալդ Թրամփի ուշադրությունը «Ուկրաինայից շեղել» է: Կա՞ երաշխիք, որ Վաշինգտոնը չի թուլացնի նաև TRIPP-ի նկատմամբ հետաքրքրությունը: